Ռուսաստանը շատ պարզ է նշել, թե երբ կսկսի ռազմական օպերացիան Արևմուտքի դեմ
PoliticsՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել միայն երկրին իրական սպառնալիքի դեպքում։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ դա նախատեսված է Ռուսաստանի ազգային անվտանգության հայեցակարգով։
1or.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ զրույցում փորձել է հասկանալ, թե ի՞նչը կարող է լինել պետության գոյության սպառնալիք ասվածը և որքանո՞վ է իրատեսական ՌԴ-ի կողմից միջուկային զենքի կիրառումը.
«Չեմ կարծում, թե Պեսկովն այդ հայտարարությունն արել է առանց ավելի բարձր օղակների հետ համաձայնեցնելու: Իրավիճակը հիմա այնպիսին չէ, որ ակնարկներով խոսեն մեկը մյուսի հետ: Փետրվարի 24-ից ակնարկների մասին այլևս խոսք չկա, որովհետև կոնկրետ քայլեր են տեղի ունենում թե՛ Ռուսաստանի կողմից, թե՛ Արևմուտքի: Պեսկովը պարզ նշել է, որ եթե Արևմուտքը փորձ անի սպառնալ Ռուսաստանի անվտանգությանը, ապա նրանք կօգտագործեն միջուկային զենք»:
Միջուկային զենքի կիրառման՝ իրատեսական լինելու առումով քաղաքագետը հուսով է, որ Արևմուտքն այնքան խոհեմ կգտնվի, որ չի անցնի «կարմիր գծերը».
«Այդ դեպքում միայն միջուկային պատերազմի վտանգ չի լինի: Էլի եմ կրկնում՝ այստեղ կարևոր են Արևմուտքի քայլերն ու գործողությունները: Եթե Արևմուտքը սպառնալիք չհանդիսանա Ռուսաստանի համար, ապա չեմ կարծում, թե պաշտոնական Մոսկվան այնքան անհեռատես կգտնվի, որ միջուկային զենք կիրառի: Իսկ եթե Արևմուտքը, ինչպես վերջին 30 տարիներին, փորձի խաբելով, կեղծիքով առաջ գնալ, միջուկային պատերազմն անխուսափելի կլինի: Ռուսաստանը շատ պարզ է նշել, թե երբ կսկսի ռազմական օպերացիան Արևմուտքի դեմ՝ նշելով «կարմիր գիծը»՝ Ուկրաինայի և Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին»:
Մարիամ Նալբանդյան