Մեր առաջարկները փոխանցվել են պաշտոնական Բաքվին, Բաքվից առայժմ պատասխան չունենք. Արարատ Միրզոյան
PoliticsԱդրբեջանի առաջարկներում Հայաստանի համար անընդունելի ոչինչ, ըստ էության, չկա, այլ բան, որ այդ առաջարկներն ամբողջովին չէին հասցեագրում հնարավոր բանակցությունների ողջ օրակարգը և ահա համապարփակ խաղաղության համար մենք լրացրել ենք, համալրել ենք մեր առաջարկները և փոխանցել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացված 5 առաջարկներին եւ դրանց ուղղված Հայաստանի պատասխանին:
ԱԳ նախարարը նշեց, որ համանախագահողներից իրեն տեղեկացրել են, որ այդ առաջարկները փոխանցել են պաշտոնական Բաքվին, Բաքվից առայժմ պատասխան չունեն։
Միրզոյանի խոսքով, Հայաստանի առաջարկները, ըստ էության, ամբողջովին, գրեթե 100 տոկոսով բացահայտված են իր՝ «Արմենպրեսին» տած հարցազրույցում։
«Մեր առաջարկների մեխերից մեկն այն է, որ մեզ համար շարունակում է սկզբունքային մնալ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և կարգավիճակի հարցը, հնարավոր չէ որևէ օրակարգ անվանել ամբողջական, քանի դեռ այդ հարցը ևս այնտեղ չի քննարկվում»,- ասաց նա։
Հարցին, թե արդյո՞ք ուկրաինական ճգնաժամի պայմաններում կամ դրանից հետո, երբ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները բավականին լարված են, ԵԱՀԿ Մինսկի խումբը կշարունակի զբաղվել ԼՂ հակամարտության կամ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Այո, իրավացի եք, Ուկրաինայում ռազմական գործողությունները կտրուկ բարդացրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքներն ընդհուպ մինչև համատեղ քննարկումների մակարդակի, բայց նաև ելնելով շատ կոնկրետ, որոշակի ազդակներից ու ուղերձներից, որ ես եմ ստացել համանախագահ երկրներից, բազմաթիվ այլ երկրներից, ուզում եմ վերահաստատել, որ միջազգային հանրությունը շարունակում է ԼՂ հիմնախնդրի կարգավորումը տեսնել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում և սա բավականին հուսադրող է։
Մենք ամենօրյա աշխատանք ենք տանում, որպեսզի կարողանանք համանախագահության ներքո քննարկում կազմակերպել այդ թվում և վերջին երկու՝ ադրբեջանական և հայկական առաջարկներով»,- ասաց Արարատ Միրզոյանը։