Գերմանիայի կառավարող կուսակցությունում անիմաստ են համարում Պուտինի հետ Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները
PoliticsՔրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) արտաքին քաղաքականության հարցերի փորձագետ եւ Բունդեսթագի՝ Գերմանիայի հատուկ ծառայությունների վերահսկման կոմիտեի նախագահ Ռոդերիխ Քիզեվետերը թերահավատ է Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ խաղաղության բանակցությունների հարցում, որոնք երկու երկրների պատվիրակություններն սկսել են Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց շատ չանցած, տեղեկացրել է «Немецкая волна»-ն։
«Պուտինի հետ պայմանավորվելու բան չկա։ Պուտինն ուզում է, որ Ուկրաինան փլուզվի»,- ասել է Քիզեվետերը Redaktionsnetzwerk Deutschland խմբի պարբերականների հարցազրույցում։
«Միակ ելքը, որին մենք պետք է հասնենք, այն է, որ Ռուսաստանը զորքերը դուրս բերի Ուկրաինայից,- ասել է Քիզեվետերը։- Բանակցությունները խնդրի լուծման չեն հանգեցնի։ (Ուկրաինայի- խմբ.) չեզոքությունը կամ բանակցությունների նման արդյունքը հազիվ թե երկարաժամկետ խաղաղություն նշանակի։ Պուտինի հետ խաղաղություն այլեւս չի լինի»։
Բացի այդ, պարտադրված չեզոքությունը ոչ մի ընդհանուր բան չունի դեմոկրատիայի հետ, ընդգծել է գերմանացի քաղաքական գործիչը։
Քիզեվետերի կարծիքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող էր Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել։ Բայց դրա համար ՄԱԿ-ի ամենաազդեցիկ մարմինը պետք է ձեւակերպի կլաուզուլա, որը թույլ կտա Անվտանգության խորհրդի մշտական անդամներին՝ ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Չինաստանին, Մեծ Բրիտանիային եւ Ֆրանսիային, այդ երաշխիքները խախտելու դեպքում, զրկել վետո դնելու իրավունքից։
Քիզեվետերի խոսքով՝ պետք է, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներն ընդունվեն ձայների մեծամասնությամբ։ «Հակառակ դեպքում վետոյի իրավունք ունեցող երկրները, որոնք իրենք են հարձակումներ գործում, կարող են արգելել ցանկացած օգնություն Ուկրաինային»,- ընդգծել է նա։