ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց
PoliticsՀայատյացությունը և ուժի կիրառման սպառնալիքը շարունակում է մնալ Ադրբեջանի պետական քաղաքականությունը, «ինչն ակնհայտորեն հակասում է խաղաղ, զարգացող և կայուն տարածաշրջան ունենալուն ուղվված տարածաշրջանային և միջազգային ջանքերին», ասված է Հայաստանի ԱԳՆ հայտարարության մեջ` Սումգայիթում իրագործված հայերի ջարդերի 34-րդ տարելիցի կապակցությամբ:
«Հայերի դեմ կազմակերպված զանգվածային սպանությունները և խոշտանգումները, որոնք նպատակ ունեին բռնի ուժով ճնշելու Արցախի հայության ժողովրդավարական կամարտահայտումը և առկա իրավական մեխանիզմների հիման վրա իր ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացումը, հետագայում շարունակվեցին Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ հայաշատ բնակավայրերում. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից իր հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու կամքի բարձրաձայնմանն Ադրբեջանը պատասխանեց հայերի նկատմամբ հավաքական պատժի քաղաքականության իրագործմամբ, որը հետագայում վերաճեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ լայնածավալ պատերազմի սանձազերծման», — նշված է արտաքին քաղաքականության գերատեսչության հայտարարության մեջ։
Արտգործնախարարությունը նաև ուշադրություն է հրավիրում, որ նախորդ դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը ցույց տվեց, որ «Սումգայիթի ոճրագործությունից ավելի քան երեք տասնամյակ անց Ադրբեջանի կողմից շարունակվում է հայերի նկատմամբ ռասայական ատելության և հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը»:
Բաքվից վերջերս հնչում են հայտարարություններ, այնտեղ կասկածի տակ են դնում իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում Հայ Առաքելական եկեղեցիների պատկանելությունը՝ պնդելով, թե դրանք աղվանական են, և նշելով, թե «հայերը հետքեր են թողել հուշարձանների վրա, որոնք պետք է մաքրվեն»: