Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների հարցը սերտորեն կապված է Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորման հետ․ Էրդողան
PoliticsԵթե Հայաստանը վճռական լինի երկու երկրների հատուկ ներկայացուցիչների նախաձեռնած գործընթացն առաջ տանելու հարցում, ապա Թուրքիայի կողմից փակ սահմանները փակ պահելու անհրաժեշտություն չի լինի։ Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է Anadolu֊ն։ Թուրքիայի ղեկավարն ասել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը բարձրացվել է նաև Սենեգալում Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ։
Էրդողանը հիշեցրել է Երևանի հետ երկխոսության վերաբերյալ իր նախկին հայտարարությունը. «Ես արդեն ասել եմ, որ Անկարան պատրաստ է փոխադարձ քայլեր ձեռնարկել Հայաստանի ցանկացած դրական նախաձեռնության դեպքում։ Այս տարածաշրջանը [Հարավային Կովկասը] խաղաղության, կայունության և բարգավաճման կարիք ունի։ Ուստի, թուրքական իշխանությունները անկեղծ քայլեր են ձեռնարկել՝ սկսելու հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս գործընթացը օգտակար է համարում նաև իմ եղբայր Իլհամը [Ալիևը]։ Մեզ գոհացնում է նաև Հայաստանի կամքը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Էրդողանը հիշեցրել է հունվարի 14-ին Մոսկվայում Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը, ինչպես նաև ուշադրություն հրավիրել փետրվարի 24-ին Վիեննայում նախատեսված բանակցությունների վրա։ «Մենք տեղյակ ենք Հայաստանի մի շարք կոնկրետ ակնկալիքների մասին՝ կապված սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ Եթե Հայաստանը վճռական մնա հատուկ ներկայացուցիչների նախաձեռնած գործընթացն առաջ տանելու հարցում, ապա Թուրքիայի կողմից փակ սահմանները պահպանելու անհրաժեշտություն չի լինի։ Ինչպես հայտնի է, Ստամբուլ-Երևան օդային հաղորդակցությունը վերսկսվել է փետրվարի սկզբին։ Ակնկալում ենք, որ Երևանը կպահպանի դրական մոտեցումը»,- ասել է նա։
Միաժամանակ նա ընդգծել է, որ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների հարցը սերտորեն կապված է Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորման հետ։ «Բոլոր կողմերը պետք է օգտագործեն տարածաշրջանային համագործակցության պատմական հնարավորությունը։ Թուրքիան կշարունակի սերտորեն աշխատել Ադրբեջանի հետ այդ հարցերի շուրջ»,- հավելել է Էրդողանը: