Բաքուն սպառնացել է Փարիզին և վիրավորել Ֆրանսիայի արտգործնախարարին
PoliticsԱդրբեջանի ԱԳՆ-ն կարծում է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Էրիկ Չիոտտին, ով «փորձել է սադրիչ նպատակներով վիրավորել Ադրբեջանի նախագահին», պետք է խիստ նկատողության ու պատժի արժանանար։
«Սակայն, փոխարենը Ֆրանսիայի արտգործնախարարը «ձևով և բովանդակությամբ անընդունելի» է անվանել Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի հասցեին»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Գերատեսչությունը Ժան-Իվ Լը Դրիանի հայտարարությունը «դիվանագետին ոչ հարիր» է համարել.
«Նախարար Լը Դրիանի կողմից մեկ այլ պետության ղեկավարի հայտարարությունն անպատասխանատու և անընդունելի մեկնաբանելը հակասում է դիվանագիտական ավանդույթներին։ Ցավով ենք նշում, որ Ֆրանսիայի նման պետականության մեծ ավանդույթներ ունեցող երկրի նախարարը դա չի հասկանում»,- նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։
Բաքուն նաև հերթական անգամ սպառնացել է Փարիզին.
«Եթե Ֆրանսիայի կամ այլ երկրների որևէ ներկայացուցիչ անօրինական կերպով այցելի միջազգային հանրության կողմից ճանաչված Ադրբեջանի տարածքներ, Բաքուն անհրաժեշտ քայլեր կձեռնարկի Սահմանադրության և համապատասխան օրենսդրության շրջանակներում»,-ասել են Ադրբեջանի ԱԳՆ-ում՝ նշելով, որ ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հակասում է 2021 թվականի դեկտեմբերի 15-ին Ալիևի հետ հանդիպման ժամանակ Մակրոնի հնչեցրած մեսիջներին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆրանսիացի պատգամավոր Էրիկ Չիոտտին Սենատում դժգոհություն էր հայտնել, որ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը որևէ կերպ չի արձագանքել Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի հասցեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած սպառնալիքներին՝ պայմանավորված Պեկրեսի՝ Արցախ կատարած այցով, ինչի նպատակը այնտեղի բնակիչներին աջակցություն հայտնելն էր։
Չիոտտին հարց էր ուղղել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանին՝ Ալիևին անվանելով դիկտատոր և հետաքրքրվելով, թե ինչո՞վ է պայմանավորված Մակրոնի լռությունը։
Ի պատասխան՝ Լը Դրիանը հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսքերը՝ հասցեագրված Ֆրանսիայի նախագահի թեկնածուին, իրենց ձևով ու բնույթով անընդունելի են, ինչի մասին ինքն արդեն իր գնահատականը հայտնել է Փարիզում Ադրբեջանի դեսպանին։
Ֆրանսիայի ԱԳ նախարարը իր երկրի անունից աջակցություն էր հայտնել Հայաստանին։