Ֆրանսիայի արտգործնախարարն անընդունելի է համարում Վալերի Պեկրեսի մասին Ալիևի հայտարարությունները
PoliticsՖրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանն անընդունելի է համարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները` Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի մասին։
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Ալիևի խոսքերը վերաբերում են Ֆրանսիայի նախագահի թեկնածուին, եւ դրանք «ձևով ու էությամբ անընդունելի են»։
Ժան-Իվ Լը Դրիանը հավելել է, որ այս մասին արդեն տեղեկացրել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանին։
Ավելի վաղ Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ, Ֆրանսիայի Հանրապետական կուսակցությունից նախագահության թեկնածու Վալերի Պեկրեսը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Արցախ կատարած իր այցի վերաբերյալ արձագանքին, անգործության մեջ էր մեղադրել Ֆրանսիայի իշխանություններին։
Ալիևն ավելի վաղ ասել էր, թե Պեկրեսի այցն Արցախ «սադրիչ էր և ուղղված էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ, իսկ նպատակն՝ ընտրություններում հայերի ձայները ստանալն է»։ Ալիևը, «դատապարտելով» Ֆրանսիայի նախագահության թեկնածու Պեկրեսի այցն Արցախ, հայտարարել էր․ «Եթե իմանայինք, որ տիկին Պեկրեսն այնտեղ է, մենք նրան թույլ չէինք տա հետ գնալ»։