Ոստիկանները փողոցում հայհոյելով այնքան են ծեծել որդուս ու ընկերոջը, որ երկուսի քիթն էլ կոտրել են. Ռաֆիկ Անդրեասյան
PoliticsՈւրցաձորի արդեն նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը որդու ձերբակալությունը համարում է իր հանդեպ քաղաքական հետապնդման շարունակություն: NEWS.am-ի հետ զրույցում նա մանրամասներ հայտնեց երեկ տեղի ունեցած միջադեպից, որից հետո ձերբակալվել էր իր որդին:
«Ես ոստիկանական մեքենայի մեջ էի, դուրս էր գալիս, որի իմ որդին եկել ինձ սպանելո՞ւ: Իմ աչքի առաջ 2 ջահել երիտասարդի` որդուս եւ իր ընկերոջը, էդ կարգի ծեծի ենթարկել, ես նման բան իմ ապրած կյանքում չէի տեսել, նույնիսկ որ ադրբեջանցիներին գերի էին վերցրել մերոնք ավելի լավ էին վարվել, քան մեր երիտասարդների հետ: Մի վերին աստիճանի այլանդակություն էր, մայրերին հայհոյելով, այնքան ծեծեցին, որ երկուսի քիթն էլ կոտրվել է, մարմնի վրա բազմաթիվ սալջարդեր կան: Այս ամենը ապացուցող ռենտգենը, ամեն ինչը կա: Իմ որդին նույնիսկ դիմադրություն ցույց չէր տալիս»,-ասաց նա:
Ռաֆիկ Անդրեասյանը հավելեց, որ որդին չի հայհոյել, եւ դա կարող են փաստել միջադեպին ներկա համագյուղացիները:
Նախկին համայնքապետը պատմեց, որ իրեն առանց ծանուցում տալու, ձեռքերը շղթայելով երեկ բերման են ենթարկել ոստիկանության բաժին, որտեղ ինքը բացատրություն չի տվել, դչանից հետո իրեն բաց են թողել:
Նշենք, որ երեկ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածելhttps://news.am/arm/news/682199.html, որ ձերբակալվել է Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին: Ըստ ՔԿ հաղորդագրության Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին ձերբակալվել է՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով: Նրա մեքենայում հայտնաբերվել է զենք եւ զինամթերք:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վեդու համայնքապետի ժամանակվոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը ազատել էր ընդդիմադիր համայնքապետերին` այդ թվում Ռաֆիկ Անդրեասյանին: Նա Գարիկ Սարգսյանի գործողությունները ապօրինի էր համարել:
Հայաստանի համայնքների միությունը նույնպես դատապարտող հայտարարությամբ էր հանդես եկել, նշելով, որ ժամանակավոր պաշտոնակատարը իրավասություն չունի աշխատանքից ազատի վարչական շրջանի ղեկավարներին: