Փաշինյանի նոր «աչքերը». Ռոմանոս Պետրոսյանի «դուխը» կհերիքի՞ ստուգել իր ղեկավարած կառույցները
PoliticsԻնչպես գիտենք՝ ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից վերջերս սահուն անցում կատարեց ՊՎԾ պետի պաշտոնին: Ըստ Նիկոլ Փաշինյանի` վերջինս պետք է դառնա իր աչքերը պետական կառույցներում և վեր հանի խախտումներն ու չարաշահումները, այսպես ասած՝ կոտրի կոռուպցիայի ողնաշարը պետական համակարգում:
Պետրոսյանը, թերևս, առաջին պաշտոնյան է, ով ՊՎԾ պետի պաշտոնը ստանձնում է` նախկինում աշխատելով մարզպետարանում և նախարարությունում: Հետաքրքիր է, իսկ նախկին մարզպետն ու նախարարը դուխ կանի՞ ստուգումներ սկսել իր կողմից նախկինում ղեկավարված կառույցներում և արդեն այս դիրքում և ձեռքի տակ եղած լծակներով վերհանել հնարավոր խախտումները, որոնք նա գուցե չի նկատել, գուցե չի ցանկացել նկատել կառավարման տարիներին: Բազմաթիվ չարաշահումներ էին վեր հանվել նախարարության ենթակայության տակ գործող ՊՈԱԿ-ներում, մի շարք գործեր անգամ դատախազություն են հասել: Չի բացառվում, որ խախտումներն ավելի շատ են, քան հայտնի է հանրությանը: Կգնա՞ Պետրոսյանը դրանք բացահայտելու ճանապարհով, ի վերջո այսօր նա ունի բոլոր լծակները:
Թե՞ Ռոմանոս Պետրոսյանը կնախընտրի ստուգումներով այցելել դիցուք՝ Կոտայքի մարզի մի շարք համայնքապետարաններ, որոնց ղեկավարները այդպես էլ չընդունեցին Պետրոսյանին իբրև մարզպետ, իսկ վերջին ՏԻՄ ընտրություններում ընդհանրապես մերժեցին վերջինիս: