«Ադրբեջանն ասում է՝ հրաժարվե՛ք Ցեղասպանությունից և Արցախից, մենք ձեզ կոնֆետներ կտանք»
PoliticsՑանկացած հանդիպում գերադասելի է, քան փոխհրաձգությունը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արցախի Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով երեկ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը:
Նա նշեց, որ հանդիպմանը Ալիևը հանդես եկավ կրկին նախապայմաններով՝ ներկայացնելով իր հեռանկարային նպատակները. «Ալիևի՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ հայտարարությունը իրականությանը շատ մոտ է և նա, փաստորեն, իր հեռանկարային ծրագրերն է ներկայացրել երեկ: Ադրբեջանը առանց թաքցնելու իր նախապայմաններն է առաջ քաշում և այդպես էլ շարունակելու է, մենք էլ պետք է մեր շահերը պաշտպանենք, որը իրենից պահանջում է արժանապատվութուն և հարաբերությունների սերտացում մեր եղբայրական երկրների հետ, առաջին հերթին՝ Ռուսաստանի, այլ տարբերակ չունենք»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ ամեն պարագայում հանդիպումները պետք է շարունակական բնույթ կրեն:
Անդրադառնալով Ալիևի՝ Լաչինում ադրբեջանական մաքսակետերի տեղակայմանը և «Զանգեզուրի միջանցքի» բացման հայտարարությանը, նախարարը նշեց, որ դա ոչ այլ ինչ է, քան աշխարհաքաղաքական ահաբեկչություն և շանտաժ. «Ցանկացած ադրբեջանական մաքսակետ բերելու է Արցախի ոչնչացմանը, պատերազմի, կոտորածի կամ հայաթափմանը: Միջանցք ասվածը նշանակում է Հայաստանի մասնատում, սա է ուզում Ալիևը, որն անընդունելի է»,-նշեց Դավիթ Բաբայանը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությանը, մեր զրուցակիցն ասաց, որ դրա անվտանգ և ոչ անվտանգ լինելուց պետք է խոսել այն ժամանակ, երբ պարզ կլինի այդ երկաթուղու հիմնական գործառույթն ու նպատակը. «Նախ պետք է հասկանալ, թե ինչի դիմաց է այդ ամենն արվում, թե ինչ գնով. եթե այդ երկաթուղին տնտեսական առումով է, ապա նորմալ է, որ շահագործվի, սակայն եթե Ադրբեջանը պետք է ասի, որ այդ երկաթգիծը իրենցն է, և ծառայելու է որպես միջանցք, իհարկե, դա անընդունելի է»,-շեշտեց նա:
Խոսելով հայ-թուրքական հնարավոր բարիդրացիական հարաբերություններից և Թուրքիայի հետ երկխոսություն ունենալու նպատակով հայկական կողմից հատուկ ներկայացուցիչ նշանակելուց՝ Դավիթ Բաբայանն ասաց, որ ով էլ, որ լինի այդ ներկայացուցիչը պետք է լինի պրոֆեսիոնալ և հայրենասեր, ուրիշ ոչ մի չափանիշ չկա. «Հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականությունը՝ Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալը շատ բարդ է, եթե ոչ անհնարին, որովհետև իրենք նախապայմաններ են դնում, ասում են՝ Արցախը ճանաչե՛ք Ադրբեջանի մաս, հրաժարվե՛ք Ցեղասպանությունից, այսինքն՝ պայմանը սա է, ես էլ ձեզ ապրանք ու կոնֆետներ կտամ, առևտուր կանենք... պետք է վերջապես հասկանանք, թե ինչ ենք մենք ուզում»,- եզրափակեց նախարարը:
Հիշեցնենք, որ երեկ Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
Նշենք, որ այդ հանդիպման շրջանակներում Իլհամ Ալիևը խոսել է «Զանգեզուրի միջանցքից» և նշել, որ այն պետք է գործի Լաչինի միջանցքի նման, հակառակ դեպքում՝ Լաչինում ևս կտեղակայվեն ադրբեջանական անցակետեր.
«Լաչինի միջանցքում մաքսակետեր չկան։ Ըստ այդմ՝ «Զանգեզուրի միջանցքում» մաքսակետեր չպետք է լինեն։ Եթե Հայաստանը ցանկանում է վերահսկել ապրանքներն ու մարդկանց, մենք Լաչինի միջանցքում մաքսակետ կբացենք», - ասել է նախագահ Իլհամ Ալիևը։
Նիկոլ Փաշինյանն էլ ավելի ուշ հանդես է եկել ֆեյսբուքյան գրառմամբ և հայտնել, որ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եռակողմ հանդիպմանը Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։