Ինչո՞ւ է ընդդիմությունը սևեռվել Ալեն Սիմոնյանի վրա
PoliticsԽորհրդարանական ընդդիմությունը շրջանառության մեջ ուշագրավ նախագիծ է դրել՝ պահանջելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականը։ Խորհրդարանի նախագահին մեղադրում են հնարավոր և անհնարին բոլոր մեղքերի մեջ, որպես պատրվակ ներկայացնում նրա արած արտահայտությունները, ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ կողմնակալ վերաբերմունքը, և այլն։ Ինքը՝ ԱԺ նախագահն այդ օրինագծի կապակցությամբ ասել է, թե «Հայաստանի շուրջ կարևոր դիվանագիտական պրոցեսներ են ընթանում, կրակոցներ են հնչում Հայաստանի սահմանների ուղղությամբ: Հայաստանը գտնվում է իր պատմության ամենավճռորոշ փուլերից մեկում», բայց ահա ընդդիմությունը այսպիսի նախագիծ է դրել շրջանառության մեջ։
Տրամաբանական հարց կարող է առաջանալ, թե ինչո՞ւ է ընդդիմությունը սևեռվել Ալեն Սիմոնյանի վրա, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի հարցերը «դորդուբեշ» են արել, մնացել է ԱԺ նախագահի դեմ արշավանքը։ Բնականաբար, ընդդիմությունը խնդիր ունի վերցնել իշխանությունը, իսկ դրա համար հարկավոր է թիրախավորել ոչ միայն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին, այլև իշխանության հնարավոր ժառանգորդներին։ Ի վերջո, գործ ունենք խորհրդարանական երկրի խորհրդարանի նախագահի՝ իր ազդեցությամբ և ՀՀ Սահմանադրությամբ փաստացի երկրի երկրորդ պաշտոնյայի հետ։ Բացի այդ, Ալեն Սիմոնյանն էլ ընկալվում է որպես Փաշինյանի իշխանության ժառանգորդ, և չի կարող դուրս մնալ այդ համատեքստից։
Ուշագրավ է, որ վերջին շրջանում աշխարհաքաղաքական կենտրոններն էլ սկսել են այդպիսին ընկալել Ալեն Սիմոնյանին, ինչը, բնականաբար, արժանանալու էր ընդդիմախոսների համակարգված գրոհին։ Հավանաբար հենց արտաքին ու ներքին այդ մեսիջները հասկանալով էլ՝ ընդդիմությունը նման նախագիծ է ներկայացնում։ Ի վերջո, եթե ինչ-որ հրաշքով հաջողվի ազատվել Նիկոլ Փաշինյանի կառավարումից, փաստ չէ, որ կկարողանան վերցնել իշխանությունը, որի կազմում ընդգծելի առաջատար դեմքեր կան։ Ըստ էության, ամբողջ զինանոցը միայն մեկ պաշտոնյայի դեմ օգտագործելը չի երաշխավորում իշխանափոխությունը։ Ուստի և, տրամաբանված է իշխանության դեմ մեկի փոխարեն երկու, հնարավոր է նույնիսկ ավելի ճակատներ բացելու մոտեցումը։ Առավել ևս, այսօրվանից, որպեսզի համաժամանակյա խարխլեն իշխանության սյուները։
Խաչատուր Հակոբյան