«Ինչո՞ւ պետք է ՀՀԿ-ում լինի նախագահի փոփոխություն». Սերժ Սարգսյանին փոխարինող չկա
PoliticsՕրերս տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Քննարկել են դեկտեմբերի 18-ին կուսակցության՝ 17-րդ համագումարի պատվիրակների ընտրության ընթացքը, համագումարին ներկայացվող փաստաթղթերի նախագծերը, կուսակցության միջազգային գործընկերության ընդլայնման, ինչպես նաև ընթացիկ հարցեր։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ հերթական 17-րդ համագումարն է, տեղի են ունենալու նախագահի, Գործադիր մարմնի ընտրություններ, ելույթներ։
Հարցին՝ արդյոք կլինի կուսակցության նախագահի փոփոխություն, արդյոք կուսակցությունը կգնա՞ երիտասարդացման, երիտասարդ առաջնորդ ունենալու ճանապարհով, Շարմազանովը արձագանքեց. «Բայց ինչո՞ւ պետք է լինի փոփոխություն, երկրին է պետք առաջնորդի փոփոխություն»։
Դիտարկմանը, թե, ըստ էության, Սերժ Սարգսյանին չկա այլընտրանք կուսակցությունում, Շարմազանովն արձագանքեց, որ Հանրապետականում կան լուրջ քաղաքական ճանապարհ անցած և այսօր էլ բավականին արդյունավետ գործող գործիչներ. «Բայց ես կարծում եմ, որ կուսակցությունը ճիշտ կլինի շարունակի առաջնորդել Սերժ Սարգսյանը, որովհետև կուսակցական շարքերը վստահում են նրա փորձառությանը, անցած հետագծին և կուսակցության պայքարն ու գործունեությունը պատկերացնում են նրա առաջնորդությամբ»։
Հիշեցրինք, որ նախկին ՀՀԿ-ականները պարբերաբար խոսում են կուսակցության ղեկավարի փոփոխության անհրաժեշտությունից, որը կհանգեցնի կուսակցության ոտքի կանգնելուն, առողջանալուն. «Երիտասարդացման գնում ենք, խմբակցությունում երիտասարդ գործիչները դրա վկայությունն են։ Կուսակցությունն առողջացած է։ Երիտասարդների հոսք կա, և իրականացվում է վերահաշվառում»,-ասաց ՀՀԿ խոսնակը։
Իսկ այն, որ կուսակցությունից արտահոսքը շատ մեծ է, 2018-ից հետո կուսակցությունում մնացել են ընդամենը 12-13 հազար անդամ, բայց հիշում ենք, թե ինչպես էին մեկ գիշերում 12.000 հոգու անդամագրում կուսակցություն, Շարմազանովը ասաց. «Ի՞նչ ասեմ։ Գնացողներին բարի ճանապարհ։ Ոչ մեկին զոռով չենք պահել ու պահում։ Փաստն այն է, որ Հանրապետականը շարունակում է մնալ ՀՀ քաղաքական դաշտի առանցքային ուժերից մեկը»։
Ինչ վերաբերում է խորհրդարանում էլ ՀՀԿ-ական պատգամավորների գործունեությանը, ՀՀԿ խոսնակն ասաց, որ միշտ կարելի է և պետք է ավելին ակնկալել. «Ընդհանուր առմամբ կարճ ժամանակահատվածում ՀՀԿ երիտասարդ գործիչների խոսքը ԱԺ-ում լսելի եւ ազդեցիկ է դարձել։ Բայց քանի դեռ մենք չենք հասել կառավարող պարտված իշխանության հեռացմանը, բնականաբար խոսել ամբողջական արդյունավետությունից ճիշտ չէ»։
Ի դեպ, կուսակցության համագումարին այլ կուսակցություններից հրավիրվածներ չկան։