Կբացահայտվի և կապշեք՝ պատերազմում ինչ մասշտաբի պետական դավաճանություն է եղել․ Արթուր Ղազինյան (տեսանյութ)
PoliticsFactor TV-ն զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի հետ
-Պարո՛ն Ղազինյան, 14 անգամ առաջադրվեց Ձեր թեկնածությունն ԱԺ Անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում, բայց չընտրվեցիք։ 15-րդ անգամը չառաջադրվեց Ձեր թեկնածությունը։ ՔՊ-ից Վիլեն Գաբրիելյանը ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն է առաջարկում՝ 5 աշխատանքային օրում նոր թեկնածու կառաջադրվի, եթե չի ընտրվել փոխնախագահ։ Ի վերջո՝ ինչպե՞ս է լուծվելու այդ հարցը, նոր թեկնածու կառաջադրվի՞։
-Անկեղծ ասած՝ երբեմն ինձ շատ լավ եմ զգում, որ իշխանության համար ամենաանցանալի մարդն եմ խորհրդարանում։ Դա ինձ պատիվ է բերում՝ որպես հայ մարդու։ Երկրորդ՝ դրված է խնդիր, և հարցը պետք է լուծվի՝ պետք է վերցնել հսկողություն հանձնաժողովի աշխատանքի նկատմամբ։ Պետք է ձևավորել իշխանությունների համար անկառավարելի միջավայր, սեփական օրակարգերն այս հանձնաժողովում նրանք չպետք է իրականացնեն։ Նախագահի տեղակալն ընդդիմադիր խմբակցությունների առաջին ներկայացուցիչն է հանձնաժողովում։ Հետևաբար՝ նրա վարքագիծը նաև կանխորոշում է խմբակցության անդամների վարքագիծը։ Իշխանությունը դա շատ լավ հասկացավ։ Պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով մինչև հիմա չի ձևավորվել, և որևէ հիմնավորում, որ իրենք կբերեն, կասեն՝ դե՝ նախագահը տեղակալ չունի, դրա համար չենք ձևավորում, հիմարություն է։ Իրականում չեն ձևավորում, որովհետև չեն վերահսկում հանձնաժողովը, և նրանց չի հաջողվում պայմանավորվել ընդդիմության հետ։ Իսկ ընդդիմությունը, կոնկրետ իմ դեմքով, իրենց առջև դրել է կոնկրետ պայմաններ։
-Պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ձևավորման ի՞նչ պայմաններ եք Դուք առաջարկել։
-Պայմանն այն մասին է, թե հանձնաժողովի ձևավորման պարագայում ի՞նչ պայմաններում է աշխատելու ընդդիմությունը։ Առաջինն այն է՝ հանձնաժողովի 1/4-ն իրավունք ունենա պահանջել և ստանալ ցանկացած փաստաթուղթ, որ հանձնաժողով ներկայանան մեր ուզած մարդիկ։
-Հանձնաժողովի 1/4 ասելով՝ Դուք հանձնաժողովի ընդդիմադիր պատգամավորների՞ թիվն եք ընդգծում։
-Այո՛, հանձնաժողովի 1/4-ը վերապահված է ընդդիմությանը։ Պետք է հարցերով սահմանափակված չլինենք, այսինքն՝ որևէ մեկը չկարողանա սահմանափակել, որ եկեք՝ նախօրոք հարցաշար պատրաստենք, կգա մարդը, մենք ունենք մեր հարցերը, կտանք։ Եվ չորրորդ պայմանն է՝ հանձնաժողովի նախագահի տեղակալը պետք է իրավասություն ունենա հանրությանը տեղեկություն տրամադրել հանձնաժողովի աշխատանքի մասին։ Սա ամենամեծ խանգարմունքի մեջ գցեց հանձնաժողովի այս պահին գործող ղեկավարությանը։ Եվ հինգերորդ պայմանն է՝ անպայմանորեն երկու զեկույց պետք է լինի, որոնցից առաջինը պետք է ուղարկվի գլխավոր դատախազին՝ քրեական գործերի հարուցման և փաստական տվյալներով Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու և կալանավորելու համրա։ Եվ երկրորդ՝ պետք է հրապարակային զեկույց ներկայացվի՝ մեր հանրությանը տեղեկացնելով պատերազմի ընթացքում այս իշխանության գործած բազմաթիվ հանցավոր դրվագների մասին։
-Այսինքն՝ հանձնաժողովի աշխատանքը դեռ չսկսված՝ Դուք ի սկզբանե արդեն գիտե՞ք, որ Փաշինյանին պետք է կալանավորել աշխատանքի արդյունքում։
-Ես ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին և ավելի քան վստահ եմ՝ բազմաթիվ են այդպիսի փաստերը, ընդամենը մեզ պետք է գտնել այդ փաստաթուղթը։ Եվ դրա մասին խոսեց արտախորհրդարանական հաճախորդների ակումբի անդամը, որ հիմա ՊՆ-ում ինչ-որ թղթեր են ավելացնում, լրացնում, դնում տեղը, որ կարողանան մաքրել։ Սա ինչ-որ մի պահի բացահայտվելու է, և կապշեք ուղղակի, թե ինչ մասշտաբի է եղել պետական դավաճանությունն այս պատերազմում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան