Իմ երկիրը առ այսօր իր վրա զգում է դիլետանտ-պոպուլիստների ապաշնորհ կառավարման ծանր հետևանքները. Սերժ Սարգսյան
PoliticsՆախքան կորոնավիրուսը՝ աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում Հայաստանը, ախտահարվեցին ծայրաստիճան վտանգավոր մեկ այլ վիրուսով. պոպուլիզմի վիրուսով: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսին, իր ելույթում նշել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մեծարգո՛ Դմիտրի Անատոլևիչ,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Նախ՝ թույլ տվեք շնորհակալություն հայտնել «Եդինայա Ռոսիա» համառուսաստանյան քաղաքական կուսակցությանը և նրա նախագահ պարոն Մեդվեդևին՝ այսչափ յուրաժամ նախաձեռնության և մեր ժողովուրդների առջև ծառացած գլոբալ մարտահրավերները, խնդիրներն ու հեռանկարները քաղաքական կուսակցությունների միջազգային ընտանիքի շրջանակներում քննարկելու ընձեռված հնարավորության համար:
Հարգելի՛ Դմիտրի Անատոլևիչ,
Ես ջերմությամբ եմ հիշում մեր բոլոր հանդիպումները և, օգտվելով առիթից, ուզում եմ մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ և Ձեր գլխավորած քաղաքական ուժին Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ:
Հարգելի գործընկերներ,
Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ կորոնավիրուսի համավարակի պատճառով քննություն ենք հանձնում պատմության և մեր սերունդների առջև: Մեր երկրների միլիոնավոր քաղաքացիներ պայքարում են կյանքի իրենց իրավունքի համար, և մեր պետական համակարգերը պարտավոր են դեմքով շրջվել դեպի քաղաքացիներն ու ապացուցել իրենց արդյունավետությունը։
Ավաղ, այս իրավիճակում ոչ բոլոր երկրների ժողովուրդներին են բաժին ընկել բանիմաց, պատասխանատու և արդյունավետ ղեկավարներ։ Նախքան կորոնավիրուսը՝ աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում Հայաստանը, ախտահարվեցին ծայրաստիճան վտանգավոր մեկ այլ վիրուսով. պոպուլիզմի վիրուսով։ Սա մեծ ցավով եմ նշում, քանի որ իմ երկիրը առ այսօր իր վրա զգում է դիլետանտ-պոպուլիստների ապաշնորհ կառավարման ծանր հետևանքները»: