Հայաստանի ժողովրդից մանդատ ենք ստացել՝ մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու. Փաշինյան
PoliticsՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ամփոփել են Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները և հանդես եկել մամուլի համար հայտարարություններով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ նշված է.
«Վլադիմիր Վլադիմիրի, թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ հրավերի և, իհարկե, աշխատանքային դրական մթնոլորտի համար։
Ուզում եմ հաստատել, որ մենք շատ դրական հանդիպում, խոսակցություն ունեցանք, քննարկեցինք օրակարգի փաստացի բոլոր հարցերը։ Սա ոչ թե հանդիպում էր, որպեսզի թաքցնեինք խնդիրները, այլ հանդիպում, որտեղ մենք բաց քննարկում էինք բոլոր հարցերը։ Եվ կուզենայի դրական համարել այն, որ շատ հարցերի մասով մենք հստակեցրեցինք դիրքորոշումները, և պարզվեց, որ որոշ հարցերի շուրջ որևէ տարընթերցում չունենք, ինչպես թվում էր այս հանդիպումից առաջ։
Ցանկանում եմ նշել, որ, իրապես, տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների բացման առնչությամբ արձանագրեցինք, որ ունենք ընդհանուր պատկերացում, թե ինչպես են գործելու այդ կոմունիկացիաները։
Դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացն սկսելու թեման նոր չէ, մենք քննարկել ենք այդ հարցը։ Նաև եռակողմ հայտարարություն ենք ընդունել, որում արձանագրել ենք, որ մինչ այդ պետք է ստեղծել անհրաժեշտ պայմաններ, այսինքն՝ պետք է անվտանգության և կայունության մեխանիզմներ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին։ Իհարկե, արծարծվեցին նաև հումանիտար հարցեր։
Ընդհանուր առմամբ, այսօրվա խոսակցությունը և հանդիպումը շատ դրական եմ գնահատում։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր ռազմավարական դաշնակցին՝ Ռուսաստանի Դաշնությանը նախաձեռնության համար։ Կարծում եմ՝ եթե այս հանդիպման բազայի վրա հաջողվի մեր խոսակցության որոշակի դինամիկա ձևավորել, կարող ենք նաև կոնկրետ արդյունքներ ակնկալել։
Վերահաստատում եմ Հայաստանի և Հայաստանի կառավարության պատրաստակամությունը, որը Հայաստանի ժողովրդից մանդատ է ստացել՝ մեր երկրի, մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու։ Մենք շահագրգռված ենք դրանում, և, իհարկե, այսօրվա հանդիպումը նպաստ բերեց այդ օրակարգի իրականացմանը։ Շնորհակալություն»: