Ինչո՞ւ է Ռոմանոս Պետրոսյանը ութ հազարից ավելի ձայն ստացած Գուլյանին «գործուղել» երկրորդ համար
PoliticsԻնչպես հայտնի է, դեկտեմբերի 5-ին կայանալիք Աբովյանի ավագանու ընտրությունների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Պավել Ցուգունյանը:
Ուշագրավ է, որ Աբովյանի քաղաքապետի վերջին ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն՝ Գրիգոր Գուլյանը, ցուցակի երկրորդ համարն է: Ընդ որում, Գուլյանն այն ժամանակ ստացել էր 8032 քվե, և ընդամենը 400 ձայն չէր բավականացրել ընտրվելու համար: Բնական հարց է առաջանում, թե ինչու ՔՊ-ն որպես Աբովյանի քաղաքապետի թեկնածու չի ընտրել հենց Գուլյանին, առավել ևս, որ նա էլ է համարվում ՔՊ-ի՝ Կոտայքի մարզում որոշումներ կայացնող շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի «մարդը»:
Մեր ունեցած տեղեկություններով, հաշվի է առնվել, որ, չնայած շատ լուրջ քվեներին, ամեն դեպքում նախորդ ընտրություններում նա չի ընտրվել, և Ռոմանոս Պետրոսյանը ցանկանում է կադրերի հարցում թարմություն մտցնել: Իսկ Գուլյանը, մեր աղբյուրների փոխանցմամբ, կզբաղվի ֆինանսատնտեսական բլոկով:
Ի դեպ, նա մասնագիտությամբ տնտեսագետ է, եղել է Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալը, Կոտայքի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ, իսկ 2020 թ. սեպտեմբերից շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարն է։
Արտակ Բեգլարյան