Պահանջ՝ հանգիստ թողնել Հայաստանը եւ գնալ այդ միջանցքի ուղղությամբ. Աննա Մկրտչյանը՝ Փաշինյանին
PoliticsԻնչ իհարկե, ժամանակը չի բավականացնի ներկայացնելու այն արհավիրքներն ու դժբախտությունները, որ վարչապետի աթոռին նստած անձնավորությունը մեզ պատճառել է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
«Ամեն դեպքում ես փորձեմ. Հեղաշրջում, բարոյալքված հասարակություն, հաղթանակած պետությունից պարտված ավերակներ, երկու հայկական պետության փոխարեն թուրքին տված Արցախ, հազարավոր զոհեր, թշնամու կողմից խոշտանգվող ՀՀ քաղաքացիներ, անվտանգության, տարածքային ամբողջականության ու պետական պահպանվող սահմանների մասին երազող Հայաստան, անորոշություն, անտերություն ու էլի շատ ու շատ բաներ:
Մի ժամանակ այդ վարչապետացուն հայտարարում էր, որ կամ ինքը կլինի Հայաստանում վարչապետ, կամ հայաստանը երբեք այլ վարչապետ չի ունենա: Այդ անձնավորությունը հիմա մեզ հասցրել է այն վիճակին, որ ՀՀ սահմաններին կարող եք գտնել ցանկացած պետության դրոշ, բացի Հայաստանի պետական դրոշից:
Ու հենց նոր էլի այս դահլիճում առաջնահերթությունների հստակություն տեղի ունեցավ. Խնդիրը, փաստորեն, ոչ թե մեր գերիներին ժամ առաջ բոլոր միջոցներով վերադարձնելն է, այլ ուղղակի հետաքննելը, տեսնելու համար, թե ով եւ ինչ պայմաններում է գերի ընկել: Սրանք են էս մարդու առաջնահերթությունները:
Երբ մտածում եմ՝ հարցնեմ՝ ո՞նց ես էս ամեն ինչը անում, ինչի՞ ես էս ամեն ինչը անում, հասկանում եմ, որ էլի լսելու եմ հերթական հայեցողական պատասխանը: Դրա համար միայն պահանջ՝ հանգիստ թողնելու Հայաստանը, պահանջ՝ չկատարելու այն թշնամիների հանձնարարականները, որոնք ուզում են մասնատել Հայաստանը եւ երեւի թե պահանջ-խնդրանք ՝ գնալու այն միջանցքի ուղղությամբ, որը խոստացել է տրվել ՀՀ քաղաքացիների շահերի հաշվին»,-ասաց նա: