Այս իշխանությունը եկել է փողոցով, փողոցով էլ վռնդվելու է. Վահե Հակոբյան
PoliticsՄեր խնդիրն է կանգնեցնել շարունակական պարտությունը, որ իրականացնում է գործող իշխանությունը։ Այս մասին NEWS.am-ին պատմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը` խոսելով նոյեմբերի 8-ի հանրահավաի մասին:
«Մենք հանրահավաքին այն մասին ենք խոսելու, որ սկսում ենք դիմադրության նոր ընթացք և կոչ ենք անելու բոլորին, ով անտարբեր չէ Հայաստանի ճակատագրին, միանալ այդ շարժմանը։ Մեր խնդիրն է կանգնեցնել շարունակական պարտությունը, որ իրականացնում է գործող իշխանությունը։ Միաժամանակ դիմելու ենք այն մարդկանց, ովքեր մեզ շատ դեպքերում մեղադրում են, որ մենք բավական ակտիվ չենք կամ մեղադրում են անգործության մեջ, նրանց էլ կոչ ենք անելու առաջարկություններով հանդես գալ, մենք էլ միանանք նրանց։ Մեր խնդիրն այժմ վերլուծելը չէ, թե ինչ է կատարվել, մեր խնդիրն այսօր կանխելն է հետագա պարտությունները, ինչպես նաև կանգնեցնել պարտվողական թե՛ քաղաքականությունը, թե՛ տրամադրությունները։ Ոչ միայն քննադատելու ենք, այլև ցանկանում ենք առարկայական քայլեր անել, որովհետև այսպիսի ձևով մենք վերջնական կգլորվենք անդունդը, որտեղից էլ ելք չի լինելու»,- ասաց նա։
Հարցին, թե ինչ քաղաքական ուժեր կարող են միանալ իրենց, Հակոբյանը նշեց, որ չի կարող ասել, քանի որ այսօր մարդկանց անձնական ամբիցիաները ավելի մեծ են, քան սթափ մտածելը:
«Չեմ կարող ասել, քանի որ, ցավոք, այսօր մարդկանց անձնական ամբիցիաները շատ ավելի առջևից են վազում, քան սթափ մտածելը։ Անկեղծ ասա չգիտեմ՝ ով կմիանա։ Ամեն դեպքում մենք ասել են՝ բոլորը, ում համար միևնույն չէ Հայաստանի ապագան, թող նոյեմբերի 8-ին գան հանրահավաքի»,- նշեց նա։
Պատգամավորի խոսքով` իրենք երկարատեւ պայքար են սկսում եւ այդ պայքարը մեկնարկելու է նոյմեբերի 8-ին. «Դիմադրության շարժումը ենթադրում է շարունակական գործողություններ։ Սա մեկ, երկու օրվա բան չէ։ Այսօր մենք ակնհայտ տեսնում ենք, որ Նիկոլի դեմ Ռուսաստանը որևէ ակնհայտ հայտարարություն չի անում։ Ենթադրում եմ, որ Նիկոլը նրա համար է, որ ինչ-որ իքս ծրագիրը հասցնի իգրեկ կետում ավարտի։ Մենք այսպես կանգնելով, լռելով չենք կարողանալու։ Պայքարի ընթացքում իհարկե կարող են լինել կտրուկ գործողություններ։ Մեր իշխանություն կոչվածների մոտ իսպառ բացակայում է պետական, ազգային շահի զգացումը»,- ընդգծեց նա։
Նա նշեց, որ իրենց գործողությունները միայն մայրաքաղաքով չեն սահմանափակվելու։
«Այս ալիքը պետք է տարածվի, բայց ժողովուրդը պետք է դա ուզի, առանց ժողովրդի մենք դժվարանալու ենք անել և մենք պետք է դառնանք մեկ բռունցք և՛ խորհրդարանի ներսում, և՛ դրսում՝ ժողովրդի հետ, այս իշխանությունը եկել է փողոցով, փողոցով էլ վռնդվելու է»։
Նրա խոսքով` հանրահավաքին խոսելու են մեր երկրի առջեւ ծառացած տարբեր խնդիրների, այդ թվում սահմանների դեմարկացիայի, դելիմիտացիայի մասին։
«Այս պայմաններում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը հնարավոր չենք համարում։ Նախապայմաններ կան, որոնք պետք է կատարվեն։ Մեր տղաներին պահում են գերության մեջ, որ հետո առևտրի առարկա սարքե՞ն, և այդպես էլ անում են»։
Պատգամավորն ասաց, որ ինքը հստակ ինֆորմացիա չունի, որ ինչ-որ փաստաթուղթ է ստորագրվելու, բայց անուղղակիորեն բոլոր ազդակները ցույց են տալիս, որ ինչ-որ փաստաթուղթ ստորագրվելու է։
«Թուրքիայի նախկին ԱԳ նախարարն է ինչ-որ հայտարարություն արել, նույն ՌԴ արտգործանախարարության հայտարարությունը, որը պաշտոնական կայքում դեռ չի տեղադրվել, բայց արդեն տարածվում է ցանցում։ Համոզված եմ, որ նույնությամբ այդ հայտարարությունը հրապարակվելու է, չնայած որ ոճը շատ ֆեյսբուքային է և ոչ վայել այդպիսի արտգործ նախարարությանը։ Այս ազդակների հիման վրա կարծում եմ, որ ստորագրվելու է ինչ-որ փաստաթուղթ, որն ի լրումն է լինելու նոյեմբերի 9-ի հայտարարությանը, «շլիֆովկա է արվելու»։ Նիկոլն ասելու է ճանապարհ, ադրբեջանցիներն ասելու են միջանցք, հարցն այն է, թե այն ում վերահսկողության տակ է լինելու։ Մենք առհասարակ դեմ չենք կոմունիկացիաների բացմանը, դա մեզ հավելյալ գումար է բերելու, բայց մենք դեմ ենք, որ դա լինի միջանցք ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող և նրանք մեր տարածքը օգտագործեն, որովհետև նրանք հաղթել են այս պատերազմում։ Նրանք չեն հաղթել պատերազմում մեր բանակին, հաղթել են այս ապիկար և ապաշնորհ կառավարությանը։ Անկլավների հարցը քննարկելիս պետք է հասկանալ, թե մենք քանի քառակուսի կիլոմետր ենք նրանց տալիս և քանիսն ենք ստանում։ Ամեն դեպքում մինչև ադրբեջանցիները մեր գերիներին չվերադարձնեն և մեր տարածքից չհեռանան, մենք դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին չպետք է խոսենք և դա պետք է լինի մեր պետության, կառավարության դիրքորոշումը։ Պարզապես թուլության և ամենաթողության պարագայում սրանց գլխին ինչ պոպոք ասես՝ կոտրում են ադրբեջանցիները: Հաշվի առնելով Ռուսաստանում անկայուն վիճակը, տարբեր գերատեսչությունները տարբեր կարծիքներ են հայտնում Հայաստանի վերաբերյալ և գումարելով Ադրբեջանի սարսափելի լոբբինգը, որ տեղի է ունենում Ռուսաստանում՝ մենք էլ ի՞նչ ենք ակնկալում ստանալ։ Մեր անողնաշար իշխանությունն էլ Հայաստանի ոչ մի շահ չի կարողանում առաջ տանել»,-եզրափակեց նա։