Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները
PoliticsՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգը:
Մտքեր են փոխանակվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շուրջ՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լիարժեք հրադադար հաստատելու և բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու մեկ ամյակը:
Երկու երկրների ԱԳ ղեկավարները «ճշգրտել են ժամերը» հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերացման, Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական բոլոր կապերի ապաշրջափակման, տարածաշրջանային համագործակցության համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու վերաբերյալ հարցերի շուրջ:
Սերգեյ Լավրովն ընդգծել է ջանքերը շարունակելու կարևորությունը՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական-դիվանագիտական հարաբերությունների բոլոր հարցերի համալիր կարգավորմանը: