Հանդիպել ենք Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին․ պատգամավոր
PoliticsԱզգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով հոկտեմբերի 3-ից ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում գտնվում եմ Մոսկվայում։
Անցած երկու օրերի ընթացքում հանդիպումներ ենք ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։
Հանդիպումների ընթացքում երկուստեք շեշտվել է հայ-ռուսական ռազմավարական և գործընկերային հարաբերությունների կարևորությունը, հանգամանորեն քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը` անդրադառնալով տևական խաղաղության հաստատմանը և դրա իրականացմանը խոչընդոտող խնդիրների վերացմանը: Այս համատեքստում մասնավորապես կարևորվել է հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի հարցը:
Այսօր արդեն հանդիպել ենք Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին, անդրադարձել համայնքային խնդիրներին, քննարկել հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքին առնչվող մի շարք թեմաներ»: