Կների՞ արդյոք Փաշինյանը Վաչե Տերտերյանին
PoliticsԱԺ-ում այսօր ելույթ ունեցած տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը անչափ անկեղծ և ուշագրավ հայտարարություն է արել: Պատասխանելով ընդդիմադիր պատգամավորներից մեկի հարցին, թե կարո՞ղ է արդյոք երկրի պետական սահմանը որոշվել նախկինների կողմից ընդունված վարչատարածքային բաժանման մասին օրենքով, Տերտերյանը պատասխանեց, որ ոչ: Այսպիսով, Վաչե Տերտերյանը համալրեց այն պաշտոնյաների շարքը, ովքեր հանդգնում են, լինելով այս կամ այն պաշտոնի, հերքել Փաշինյանի և իր մերձավոր թիմակիցների առաջ քաշած թեզերը:
Հենց Նիկոլ Փաշինյանն էր ԱԺ ամբիոնից պնդում, որ ՀՀ պետական սահմանները կարող են որոշվել վարչատարածքային բաժանման մասին օրենքով, երկար տարիներ այս ոլորտում աշխատած Տերտերյանը իր հերթին հերքում է վարչապետին: Օրինակ՝ նախկին ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը, ով մի շարք հարցերում Փաշինյանին հակասող և հերքող հայտարարություններ էր արել, ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Ակնհայտ է, որ նմանատիպ մութ ամպեր էլ կարող են կուտակվել Վաչե Տերտերյանի գլխավերևում, իշխանությունները կարող են հանկարծ հիշել, որ Տերտերյանը նախկին է, երկար տարիներ աշխատել է նախկին իշխանությունների հետ: Մի բան ակնհայտ է` Փաշինյանը չի ներում այլակարծությունը իր քաղաքական թիմի ներսում, իսկ Տերտերյանի այսօրվա հայտարարությունը հենց այլակարծության դասական դրսևորում էր: