Այսօրվա ատելության ֆոնին մնում է հուսալ, որ կգտնվի որևէ այլ բան, ոչ պատերազմ, որն ի վիճակի կլինի համախմբել բոլորին. Վազգեն Սաղաթելյան
PoliticsՎազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Բոլորի պես անհասկանալի, անհանգիստ, անորոշ վիճակում էի գտնվում, մտածում էի ինչ օգտակար բան կարող եմ անել ստեղծված իրավիճակում։ Լրիվ պատահական նամակ ստացա ծանոթիցս, ասում էր, որ մի աղջիկ պատրաստվում է մեկնել Արցախ ու իրենից սահմանի տղաները խնդրել են power bank-եր, որքան կկարողանա հայթայթել։ Գրեցի իմ էջում ու սկսեցի ստանալ տասնյակ նամակներ ծանոթ ու անծանոթ մարդկանցից, առաջարկում էին իրենց մոտ եղածը, պատրաստակամություն հայտնում գնել նորերը, նույնիսկ ծանոթ չլինելով ինձ հետ՝ գումար փոխանցում որ գնեմ ու ուղարկեմ։ Մոտ 30 հատ գնեցինք ու ճանապարհեցինք։ Նույն ժամանակ նամակ ստացա բժիշկ ընկերոջիցս, որն ասում էր, որ Եղվարդից ոչ հեռու պանսիոնատ կա, որում 70-80 մարդ կարելի է տեղավորել, խնդրեց կիսվել տեղեկությամբ, որ կարիք ունեցող մարդիկ դիմեն։ Չէի էլ պատկերացնում այդ պահին թե որքանով պահանջված կլինի նման առաջարկը։ Ժամեր անց արդեն հասկանալի էր, որ ցավոք առաջարկն առավել քան պահանջված է։ 2 օրում մոտ 80 հոգի տեղավորվեցինք ու կանգնեցինք նոր խնդրի առջև։ Այդ մարդկանց անհրաժեշտ էր ապահովել սննդով։ Իմ մոտ եղած ողջ գումորը հազիվ բավարարեր 2 օրվա, եղբայրս իսկույն գումար տվեց, ընկերս արեց նույնը, մյուս ընկերս 50 Կգ միս, հավ և այլ մթերքներ գնեց, տարանք։ Ամեն դեպքում պարզ չէր թե որքան ժամանակ ենք հյուրընկալելու մեր հայրենակիցներին, մի քանի հոգու մասնավոր միջոցներով անհնար էր դա անել երկար, հատկապես, այն պարագակում, երբ շատ էին տարեց մարդիկ ու երեխաները, մեծ գումարներ էին անհրաժեշտ տարբեր դեղերի, մանկական սննդի ու պարագաների համար։ Կրկին դիմեցի ֆրենդերիս ու կրկին շատ լայն արձագանք գտավ խնդրանքս։ Տասնյակ ծանոթ ու անծանոթ մարդիկ օգնության ձեռք մեկնեցին մեզ, ինչի շնորհիվ հնարավոր եղավ շուրջ երկու ամիս ապահովել հարյուրից ավել մեր հայրենակիցների կյանքի պայմանները։
Քիչ դրական բան կարելի է հիշել այդ շրջանից իհարկե, բայց ողջ ժողովրդի համախմբումն ու օգնության գալու պատրաստակամությունը վստահաբար այդ քիչ դրական բաներից մեկն է։ Այսօրվա ատելության մթնոլորտի ֆոնին մնում ա հուսալ, որ կգտնի որևէ այլ բան, ոչ պատերազմ, որն ի վիճակի կլինի կրկին համախմբել բոլորին, դարձնել մեզ հասարակություն և ոչ այն ցեղակույտը, որը մենք ցավոք հանդիսանում ենք այսօր...