Զավեշտ ու անբարոյականություն է, երբ պոպուլիստ իշխանությունը փորձում է պոպուլիզմի մեջ մեղադրել դիմացինին. Էդուարդ Շարմազանով
PoliticsԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
2018-ին Հայաստանում տեղի ունեցած հեղաշրջումից հետո իշխանության եկան դասական պոպուլիստները։
Նրանք խոստանում էին թռիչքային զարգացում,աննախադեպ ներդրումներ եւ ներգաղթ։
Նրանց «թավշյա առաջնորդը» խոստանում էր վերացնել արագաչափերը,տեսախցիկները,կուտակային կենսաթոշակային համակարգը ,տատիկ-պապիկների «նիսյաները» եւ այլն,բայց բազմելով «գահին» մոռացության տվեց իր բոլոր խոստումները։
Հարկ է նշել,որ նրանց պոպուլիզմը վերաբերում էր ոչ միայն ներքին,այլ նաեւ արտաքին եւ անվտանգային հարցերին։
Հեղաշրջումից մի քանի ամիս առաջ նրանց ղեկավարը «կոկորդն էր պատռում» ու հայտարարում,որ ԵԱՏՄ մուտքը Հայաստանի ադրբեջանացում է նշանակում՝ նախաձեռնելով ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց,բայց դառնալով «վարչապետ» ՝3 տարի շարունակ ԵԱՏՄ գովքն էր անում։
2016-ի Ապրիլյան պատերազմը նա համարում էր «Ռուսաստանի հետ պայմանավորված»,բայց առաջին իսկ հանդիպման ժամանակ Ռուսաստանի ղեկավարությանը հնազանդորեն «спасибо»- ների շարան էր արտահայտում։
2018-ի օգոստոսին նա Հանրապետության հրապարակում ժողովրդին խոստանում էր,որ առանց իրենց հետ քննարկելու Արցախի հարցի վերաբերյալ որոշում չի կայացնի,սակայն թաքուն կապիտուլյացիա էր ստորագրում։
2019-ի օգոստոսին նա Ստեփանակերտում հայտարարում էր՝ Արցախը՝ Հայաստան է եւ վերջ, բայց այսօր վախենում է Շուշին ու Հադրութը օկոււպացված հռչակել։
2020-ի ամռանը նա հայտարարում էր,որ մեր բանակը ամենամարտունակներից է եւ տարածաշրջանում պատրաստ է խնդիր լուծել,իսկ այսօր սեփական ձախողումները բարդում է նույն բանակի վրա։
Նրա թիմակիցներն էին իր իսկ համաձայնությամբ հայտարարում՝ նոր պատերազմ՝ նոր տարածքներ,բայց այսօր ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանցի զինվորներին «մուտքի վիզա» են տրամադրել։
Նրանք էին «գլուխ գովում»,որ Ստեփանակերտի ու Արցախի օդը երբեք այսքան պաշտպանված չեն եղել,սակայն Արցախն անպաշտպան թողեցին թուրքական «բայրաքթարների» հարվածների տակ։
Պատերազմից առաջ ես չէ,այլ «ազգային աղետի» խորհրդանիշն էր սելֆի անում ինքնաթիռի մեջ,որն այդպես էլ որեւէ մարտական հրթիռ չարձակեց թշնամու ուղղությամբ։
2020-ի հոկտեմբերի 6-ին կապիտուլյացիայի սիմվոլն ասում էր,թե այս րոպեներին դրվում է մեր բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը,սակայն երկրին ու ժողովրդին տարավ պարտության։
44 օր գոռում էր հաղթանակ եւ եւ Սարդարապատ,բայց բերեց համազգային աղետ ու Արցախի մեծ մասի հանձնում։
Հայտարարում էր ինքնիշխանություն ու ժողովրդավարություն,բայց բերեց վասալություն ու բռնատիրություն։
Ու այսքանից հետո սրանք ու իրենց շահերը սպասարկող «սազանդարները» դիմացինին են փորձում պոպուլիստի պիտակ կպցնել։
Այստեղ են ասել՝աշխարհ կանգնի,իջնող կա։