Սյունիքը չի կոտրվում փաշինյանական ճնշումներից
PoliticsԱնազատության մեջ գտնվող Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը հայտարարություն է տարածել` հայտնելով, որ առաջադրել է իր թեկնածությունը հոկտեմբերի 17-ին նախանշված Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի ընտրություններում։
«Ընտրություններին առաջադրվում եմ իմ և թիմակիցներիս ստեղծած «Առուշ Առուշանյան» դաշինքով, որի հիմքում ընկած են արդարության ու ազատության սկզբունքները, ազգային պետական շահն ու ներազգային համերաշխության հաստատումը, ինչի շնորհիվ համայնքի ներսում կկարողանանք միասին հաստատել կայուն խաղաղություն ու համերաշխություն, ստեղծել Գորիսի համար զարգացման իրական պայմաններ ու հեռանկարներ»,– ասված է Առուշանյանի հայտարարության մեջ։
Նա նաև նշում է, որ գնում է ընտրության, քանի որ սկսած գործը կիսատ թողնել չի կարող։ Պատերազմից հետո ընկած ողջ այս ընթացքում, հետապնդելով Սյունիքի մարզի համայնքապետերին, Նիկոլ Փաշինյանը ցանկանում էր այդպես կոտրել դիմադրությունը Սյունիքում և իրականացնել իր ազգադավ ծրագիրը, մասնավորապես, Սյունիքի տարածքով Ադրբեջանին և Թուրքիային միջանցք տրամադրելու մասով։ Ըստ էության, Առուշ Առուշանյանի հայտարարությունը և մասնակցությունը համայնքապետի ընտրություններին փաստում է, որ ընդդիմադիրները բոլորովին էլ չեն կոտրվել իշխանության հետապնդումներից և մտադիր են մինչև վերջ շարունակել իրենց պայքարը։ Ցուցակը գլխավորելու է Առուշ Առուշանյանը, ամենայն հավանականության ցուցակում կլինեն նաև առաջին տեղակալ Մենուա Հովսեփյանը, փողքաղաքապետ Իրինա Յոլյանը, «Առուշ Առուշանյան» դաշինքի այլ մասնակիցներ։
Իհարկե հոկտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններին ընդդիմությունը այնքան էլ լավ ներկայացված չէ, ինչը առաջին հերթին հենց նույն ընդդիմության խնդիրն է։ «Հայաստան» դաշինքը, ըստ ամենայնի, անհրաժեշտ չի համարել մասնակցել տեղերում ընտրություններին։ Սակայն նույնիսկ Գորիս քաղաքում ընդդիմության հաղթանակը լրջագույն հարված է լինելու Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, որը ստիպված պետք է լինի հաշվի նստել բնակչության ցանկությունների հետ։ Այսօր ադրբեջանցիների հետ մեն-մենակ դեմ-հանդիման մնացած Որոտանի ճանապարհին նվաստացումների ենթարկվող սյունեցիները ունեն միայն մեկ փրկության ճանապարհ, այն է հոկտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններում իրենց քվեն տալ ընդդիմության ներկայացուցիչներին, որպեսզի իշխանությունը ստիպված լինի հաշվի նստել նաև ժողովրդի կարծիքի հետ, այլապես Սյունիքի գլխին կկախվի լուրջ մի խնդիր՝ գոյապահպանական խնդիրը։
Գարիկ Նիկողոսյան