Տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարների հանդիպումը
PoliticsՍեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ։
ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ և հանգամանալից քննարկել քաղաքական երկխոսության հետագա խորացման և արտաքին քաղաքական օրակարգի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումների համադրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ադրբեջանաթուրքական ագրեսիայից հետո Արցախում ստեղծված իրավիճակի և հումանիտար խնդիրների հասցեագրման ուղղությամբ տեղում իրականացվող աշխատանքների շուրջ։ Այս համատեքստում ԱԳ նախարարներն առանձնահատուկ կարևորել են հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ և առանց նախապայմանների հայրենադարձումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի, հատկապես՝ տեղահանված արցախահայության իրավունքների վերականգնման և նրանց համապարփակ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Հայաստանի և Արցախի ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման և համապարփակ ու տևական հանգուցալուծման անհրաժեշտությունը։
Արարատ Միրզոյանը և Դավիթ Բաբայանը ևս մեկ անգամ շեշտել են Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ և Արցախի Պաշտպանության բանակի հետ շփման գծում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող սադրիչ գործողությունների անթույլատրելիությունը, ինչը խաթարում է տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն ուղղված ջանքերը։