15 անգամ գերազանցող ուժեր էին, ոչ մի օգնություն չի եղել. 62 զինվորների գերեվարման համար մեղադրվող փոխգնդապետ
PoliticsՄեղադրանքների հետ համաձայն չեմ, դրանք նույնիսկ ծիծաղելի են։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց 62 շիրակցիների գերեվարման գործով մեղադրյալ փոխգնդապետ Արսեն Ղազարյանը։
«Այն անձնակազմը, այն զինծառայողները, պահեստազորայիններից կազմված այն ստորաբաժանումը, որոնք պատերազմի ընթացքում ինձ հետ միասին քայլել են մարտադաշտով, կատարել վերադասի կողմից տրված խնդիրներն՝ անվերապահորեն։ Բոլորն ինձ ճանաչում են եւ գիտեն, որ ես այն սպան չեմ, որ զինվորին մարտադաշտում մենակ թողնեմ»,- նշեց Ղազարյանը։
Նա պատմեց, որ դեկտեմբերի 9-ից սկսած Հին Թաղերի եւ Խծաբերդի տարածքում հակառակորդի կողմից մեծաքանակ ուժերով տեղաբաշխումներ է կատարել, որի վերաբերյալ վերադաս հրամանատարությանը բջջային կապով ինքը տեղեկացրել է.
«Դեկտեմբերի 11-ին տեղեկություն ենք ստացել, որ իրենցից ձախ հատվածում հակառակորդի կողմից տեղի է ունեցել բացահայտ հարձակում, ունեցել ենք վիրավորներ, փորձել ենք վիրավորներին բուժօգնություն ցուցաբերել, քանի որ տեղանքը բարձր էր, հնարավորություն չի եղել ավտոմեքենայով բարձրանալ, բարձրացել են ոտքով, իսկ դեկտեմբերի 11-ի հարձակումից հետո, ձախ թեւի անձնակազմը եւ իրենք՝ Խծաբերդից՝ իրենց ստորաբաժանման վերադաս հրամանատարության եւ ռուս խաղաղապահների կողմից տարհանվել են»։
Ղազարյանն ասաց, որ դեկտեմբերի 13-ին՝ բացահայտ հարձակման ժամանակ հայկական կողմն ունեցել է 2 վիրավոր, զինամթերքն էլ ավարտվել էր.
«Հնարավոր չէր էլ այդ տարածքը պահել։ 15 անգամ գերազանցող ուժեր էին։ 2 վիրավորներին տարհանման համար կատարել ենք մարտավարական հնարք, ավելի բարենպաստ դիրքեր զբաղեցնենք, վերադասի հետ կապ հաստատենք, փորձենք օգնություն խնդրել, ոչ մի օգնություն չի եղել, մնացել ենք մենակ»։