Ռոբերտ Քոչարյանը հրաժարվեց պատգամավորական մանդատից
PoliticsԱյսօր «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը ԿԸՀ ներկայացրեց պատգամավորի մանդատից հրաժարվելու՝ իմ որոշման մասին դիմումը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Այնպես է ստացվել, որ ժամանակին եղել եմ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի խորհրդարանների պատգամավոր, սակայն բնավորության կերտվածքով միշտ հանդիսացել եմ գործադիր իշխանության մարդ։ Համոզված եմ, որ հիմա ավելի ճիշտ է տեղս զիջել թիմակիցներիս, որոնցից յուրաքանչյուրը, վստահ եմ, լավ պատգամավոր է դառնալու։
Այս քայլով նաեւ իմ համաձայնությունն եմ հայտնում հազարավոր թիմակիցներիս, որոնք ինձ են փոխանցել այդ կարծիքը, որ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոններից հետո չպետք է գայթակղվեմ պատգամավորի մանդատով։ Վերջապես, ինձ ձայն էին տալիս որպես Դաշինքի վարչապետի թեկնածու։
Միեւնույն ժամանակ, հարկ եմ համարում շեշտել, որ Ազգային Ժողով իմ չգնալը չի նշանակում դուրս գալ պայքարից։ Ֆրակցիան Դաշինքի ներկայությունն է ԱԺ-ում, իսկ ես շարունակում եմ մնալ Դաշինքի առաջնորդը ու ամենօրյա հետեւողական աշխատանքով նպաստելու եմ մեր սպասվելիք հաղթանակներին։
Վստահ եմ՝ ամեն ինչ լավ է լինելու։
Ռոբերտ Քոչարյան»,-նշված է հայտարարության մեջ։
Ավելին...