Կարեն Կարապետյանը սատարում է Ռոբերտ Քոչարյանին
PoliticsՔիչ առաջ հայտարարություն է տարածել ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«2021թ. հունիսի 20-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունները չափազանց կարևոր են Հայաստանի ապագայի համար: Պատերազմի հետևանքով մեր երկիրը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ, որի ընթացքը կասեցնելն այսօր հրատապ է։
Պետք է փաստել, որ`
- բանակի մարտունակությունն էապես նվազել է, խարխլված է Հայաստանի ու Արցախի անվտանգության ողջ համակարգը,
-ավելացել են լրջագույն սոցիալական խնդիրներ, որոնք պահանջում են բոլոր հնարավոր ռեսուրսների մոբիլիզացիա,
- հասարակությունում առկա ներքին պառակտվածությունը, գրգռվածությունը, ապատիան ու պասիվությունը քայքայիչ ազդեցություն ունեն հասարակության ու պետության զարգացման վրա,
-առկա է պետության դերի աղավաղում, քաղաքական դիսկուրսը իջեցված է կենցաղային մակարդակի, պետական համակարգը գործում է իմպուլսիվ և ոչ համակարգային,
-ունենք սփյուռքի հետ հարաբերությունների, արժեքային համակարգի և ազգային գաղափարախոսության ճգնաժամ,
- բազմաթիվ այլ խնդիրներ:
Պահն օրհասական է, մարտահրավերները` բազմաշերտ ու վտանգավոր, իսկ լուծումները` սահմանափակ ու բարձր պրոֆեսիոնալիզմ պահանջող:
Պետք է`
-արագորեն վերականգնել մեր անվտանգության համակարգը,
-մեր երկրում ու տներում հաստատել հանդուրժողականություն և հանգստություն,
-արտաքին քաղաքական հարաբերություններում ունենալ կանխատեսելի և վստահելի գործընկերոջ համբավ,
-իրականացնել արդյունավետ հակաճգնաժամային քայլեր` բարեկեցիկ կյանքի նախադրյալներ ստեղծելու համար,
-վերագործարկել պետական արդյունավետ կառավարման համակարգը,
-վերանայել սփյուռքի հետ հարաբերությունները` լոկ օգնողից այն վերածելով լիարժեք գործընկերոջ ու հայկական շահի լոբբիստական կենտրոնի:
Մեր այսօրվա իրականությունն ականապատված դաշտ է, որով երկիրը պետք է անցնի։
Շրջանցելու հնարավորություն գոյություն չունի։
Անհրաժեշտ է այդ ճանապարհը անցնել հնարավորինս արդյունավետ ու նվազագույն կորուստներով:
Անհրաժեշտ է գիտակցել յուրաքանչյուր սխալի գինը և արկածախնդրության գնալու անթույլատրելիությունը։
Դա կարող է ապահովել Ռոբերտ Քոչարյանը։ Պետական պաշտոններ զբաղեցնելու ընթացքում, ինչպես նաև մրցակցային ու բազմամշակույթ գործարար միջավայրում կուտակած փորձի և ղեկավարին անհրաժեշտ անհատական ու կառավարչական հատկանիշների համադրությունը նրան թույլ են տալիս պրոֆեսիոնալ թիմ ձևավորելով երկիրը հանել ճգնաժամից և տանել դեպի բարեկեցիկ ապագա։