Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ
PoliticsՀանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղում իրականացվող խաղաղապահ առաքելության ընթացքը, Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր ռուս գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի տարածք ադրբեջանական զինված ստորաբաժանումների ներթափանցման մանրամասները և ՀՀ զինված ուժերի կողմից ձեռնարկվող գործողությունները։ Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է, որ «սահմանի ճշգրտման» կեղծ հիմնավորմամբ իրականացված ադրբեջանական սադրանքները բացարձակապես անընդունելի են, և ադրբեջանական ստորաբաժանումները պետք է անհապաղ լքեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը։
Կողմերը դիտարկել են իրավիճակի հանգուցալուծման հնարավոր տարբերակները և պայմանավորվածություն ձեռք բերել անհրաժեշտ քայլերի վերաբերյալ։