Հանրությունը պատրաստ է երկրի ղեկը հանձնել պատերազմի իրական մասնակցին
PoliticsԱրցախյան 44-օրյա պատերազմից հետո գործող իշխանության քարոզիչները ջանք ու եռանդ չեն խնայում՝ համոզելու՝ իբր Փաշինյանի վարկանիշը բարձր է մնում, և նա է հաղթելու խորհրդարանական արտահերթ ընտրություններում։
Ի հեճուկս պետական քարոզչամեքենայի, արձանագրենք, որ մեր ժողովուրդը չի կորցրել իր լավագույն արժեքները, շարունակում է թացը զատել չորից, ճիշտը՝ սխալից, հայրենանվեր զավակին՝ մորթապաշտ վախկոտից։
Արտահերթ ընտրությունների օրվանից մեկ ամիս առաջ Pressmedia.am լրատվական կայքը սոցհարցման միջոցով պարզել է, թե քաղաքական գործիչներից ով հասարակական որչափ աջակցություն ունի, և ում կտա ընտրողն իր ձայնը։ Ցավալի է, որ հարցվածների որոշ մասը՝ 25,54 տոկոսը դեռ մնացել է փաշինյանական քարոզի տակ (հարցումն անցկացվել է Սյունիքի և Գեղարքունիքի դեպքերից առաջ, իսկ այդ դեպքերը շեշտակի նվազեցրել են իշխանության վարկանիշը)։ Հարցվածների 1,08 տոկոսը պատրաստ է քվեարկել առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանի, 9,23 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանի, 1,08 տոկոսը Սերժ Սարգսյանի օգտին։ Այս հարցման յուրօրինակությունն այն է, որ 38,04 տոկոսը պատրաստ է քվեարկել այն թեկնածուի օգտին, ով անձամբ մասնակցել է 44-օրյա պատերազմին, ունի պետական կառավարման փորձ և երբեք չի եղել կոռուպցիայի մեջ։
Հուսադրող է, որ հանրության մեծ մասը գտնում է, թե պատերազմին մասնակցած անձը կարող է լինել երկրի ղեկավար։ Պատերազմի բովով անցած, մահը տեսած, հանուն իր Երկրի ու Պետության արյուն հեղած ազատամարտիկը չի կարող դավաճանել, ստել, կեղծել։
Արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերում շատ կան անձինք, որոնք մասնակցել են պատերազմին, բայց թերևս միայն «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն ու նրա առաջնորդ Խաչիկ Ասրյանն են, որ առաջինից մինչև վերջին օրը զենքերը ձեռքներին մարտնչել են թշնամու դեմ։ Ավելին, Խաչիկ Ասրյանը արցախյան երեք պատերազմների մասնակից է, եղել է բարձրաստիճան պետական պաշտոնյա, ով երբեք չի արատավորել իր անունը կոռուպցիոն սկանդալներով, ունի պետական կառավարման լուրջ փորձ։
Ահա այստեղ է, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը շահեկանորեն տարբերվում է մյուս քաղաքական ուժերից։ Հանրությունը պիտի իմանա, թե ում է տալիս իր քվեն։ Մեկ անգամ սխալվելուց հետո երկրորդը ճակատագրական է լինելու։
Կարեն Ավագյան