ԱԺ փոխնախագահն ընդունեց ԱՄՆ դեսպանին
PoliticsՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն ապրիլի 2-ին ընդունեց Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին: ԱԺ փոխնախագահը շնորհակալություն հայտնեց Հայաստանում եւ Արցախում ԱՄՆ օժանդակությամբ իրականացված բազմաթիվ ծրագրերի համար:
«Հայաստանի համար չափազանց պատասխանատու ժամանակաշրջան է՝ լի փորձություններով: Մեզ համար կարեւոր է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԱՄՆ-ի հավասարակշռված մոտեցումը, քանի որ գերտերությունների ջանքերի շնորհիվ է հնարավոր հասնել կայուն խաղաղության եւ հարցերի լուծման»,-նշեց Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով հետպատերազմական շրջանի ցավալի իրողություններին: Փոխնախագահը նկատեց, որ Ադրբեջանը ոչնչացնում է հայկական պատմամշակութային նշանակություն ունեցող հուշարձաններ, եկեղեցիներ ու խաչքարեր: «Նրանք մերժողական քաղաքականություն են վարում եւ անտեսում ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ նման կարեւորագույն արժեքների պահպանությանն ուղղված բարձր առաքելությունը»,-նկատեց նա:
Էնֆիաջյանը նաեւ տեղեկացրեց, որ Ադրբեջանն անտեսում է գերիների եւ ռազմագերիների փոխանակման հարցում ձեռք բերված «բոլորը բոլորի դիմաց» եռակողմ հայտարարությամբ ամրագրված սկզբունքը: Դեսպան Լին Թրեյսին նշեց, որ իրենք ադրբեջանական իշխանությունների հետ այս ուղղությամբ աշխատանքներ են տանում` հորդորելով հնարավորինս շուտ վերադարձնել պահվող անձանց: Ըստ նրա` եղել են նաեւ որոշակի արձագանքներ. մասնավորապես, Կարմիր խաչ միջազգային կազմակերպության ներկայացուցիչները կարողացել են տեսակցել Հադրութից գերեվարված զինծառայողներին: Բացի գերիների եւ ռազմագերիների վերադարձի հետ կապված հարցից, ԱՄՆ դեսպանությունը փորձում է աջակցել նաեւ զոհվածների աճյունների նույնականացման հարցում՝ համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ: «Այսպիսի մոտ 100 դեպք կա»,-հստակեցրեց դեսպանը: Նա նաեւ իրազեկեց, որ ԱՄՆ-ն հետպատերազմական շրջանում 5 մլն ԱՄՆ դոլարի աջակցության ծրագրեր է իրականացրել պատերազմից տուժած արցախցիների համար: