Հանցագործ աշխարհում հայտնի «Կադոն», արտոնյալ պայմաններից օգտվելու նպատակով, կազմակերպել է բաժանմունքի պետի հանգիստը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաքննություն է սկսվել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան վարչության կողմից ստացված օպերատիվ տվյալների փաստով:
Ըստ այդ տվյալների, ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական բժշկական կենտրոնի «Դատապարտյալների հիվանդանոցի» թերապևտիկ բաժանմունքի պետ Աննա Դ.-ն, դատապարտյալներից մեկի հետ կասկածելի կապի մեջ է և նա դատապարտյալ Արկադի Պ.-ն է, ում համար թերապևտիկ բաժանմունքի պետը որոշակի արտոնյալ պայմաններ է ստեղծել քրեակատարողական հիմնարկում:
Օպերատիվ տվյալներով Արկադի Պ.-ն՝ հանդիսանալով հոգեբուժական բաժանմունքի հիվանդ, թերապևտիկ բաժանմունքի միջնորդությամբ, առանց համապատասխան հիվանդությունների առկայության, տևական ժամանակ ստացիոնար բուժում է ստացել քրեակատարողական հիմնարկի թերապևտիկ բաժանմունքում:
Օպերատիվ տեղեկություններ են ստացվել նաև, որ իր համար արտոնյալ պայմանները պահպանելու համար, Արկադի Պ.-ն Աննա Դ.-ի և նրա հարազատների հանգիստն ու ժամանցը 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին պարբերաբար կազմակերպել է Տավուշի մարզի «Ապագա Ռեզորթ» և «Դիլիջան Ռեզորթ» հանգստյան գոտիներում:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Արկադի Պ.-ն հանցագործ աշխարհում հայտնի է «Կադո» մականվամբ: