Մեր նոր ձևավորվող քաղաքական թիմում կարևորվելու են հոգևոր և ազգային արժեքները. Արտակ Թովմասյան
Politics«Թիմակիցներին հավաքագրելիս փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի չսխալվենք: Մեր հիմնական նպատակն այն է, որ հանրության մեջ լինեն ոչ ճանաչված, սակայն կայացած ղեկավարներ: Նախկինների փորձը հաշվի առնելով՝ մեր թիմում կընդգրկենք հաջողություններ գրանցած մարդկանց»:
Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ովքեր են ընդգրկված լինելու նոր ձևավորվող քաղաքական թիմում:
«Իմ հետևում որևէ քաղաքական ուժ չկա կանգնած, որը կարող էր ինձ ուղղորդել, ընդհակառակը` մեծամասամբ զարմանում և հարցնում են, թե դա ինչու է ինձ անհրաժեշտ: Գիտակից մարդը, որ հասկանում է երկրի, տնտեսության վիճակը, առնվազն պետք է հասկանա՝ մարդ պետք է կամիկաձե լինի, որ դրան գնա։ Ոչ մեկը դրան չէր գնա, որովհետև ավելի խորը ուսումնասիրելուց հետո գոնե միջին մակարդակի տնտեսագետները կասեն, թե ինչ վիճակ է և ինչ կարող է սպասվել մեր երկրին»,- նկատեց Արտակ Թովմասյանը և հավելեց. «Մեր ներկա իշխանությունների հրաժարականը ձգձգելու դեպքում ամեն օր է՛լ ավելի անելանելի վիճակի մեջ կարող է հայտնվել մեր երկիրը»:
Թովմասյանի խոսքով՝ նոր քաղաքական թիմում կարևորվելու են ազգային և հոգևոր արժեքները. «Մեր թիմում յուրաքանչյուրի արժեհամակարգում դրանք առանցքային դեր պետք է ունենան և լինեն այն ջիղերը, որոնք կուղղորդեն մեզ»:
Հիշեցնենք, որ Արտակ Թովմասյանը վերջերս էր հայտարարել նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին: