Ընդդիմության վճռականության հրամայականը
ПолитикаԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած ընդդիմադիր շարժումը վաղը հանրահավաք է անելու Վանաձորում, իսկ մյուս օրը մեծ հանրահավաք է հայտարարել Երևանում։ Ընդ որում ընդդիմությունը մեկ էական սխալ արդեն թույլ է տվել այն իմաստով, որ այդ հանրահավաքը հռչակել է որպես առանցքային և վճռորոշ՝ նշելով, թե հարկավոր է առնվազն 100 հազար մարդու մասնակցություն։
Նման թիվ չապահովելու դեպքում ապատիայի և շարժման մարման լուրջ վտանգ կա։ Իհարկե, ընդդիմադիր շարժումն այսօր գտնվում է վերելքի պայմաններում, թեպետ գործող իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման օրեցօր նվազման մասին։ Այդ նպատակով իշխանական քարոզիչները հանրահավաքները և Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքներ սկսելուց շատ ավելի առաջ դրոնից լուսանկարներ են անում, ապա դրանք տարածում, իբր մի քանի տասնյակ կամ հարյուր մարդ է մասնակցում բողոքի գործողություններին։
Այս մարտավարությունը փաշինյանական վարչախումբը շատ վաղուց է ընտրել, այդ կերպ փորձում են սոցցանցերում և այլ հարթակներում տպավորություն ստեղծել, թե իբր ընդդիմության ետևից քիչ մարդիկ են գնում։
Իրականում բոլորովին հակառակն է, մյուս կողմից էլ բնակչության ահռելի մեծամասնությունն ընդդիմադիր շարժման գործողություններին հետևում է առցանց։ Դա են վկայում գրեթե բոլոր լրատվական կայքերի վերջին շաբաթներին ավելացած դիտումները, հատկապես ուղիղ եթերների մասով։ Հունիսի 9-ի հանրահավաքում Գալստանյանը ներկայացնելու է իրենց վճռական գործողությունները։
Այս իմաստով շարժման առաջնորդը չափազանց ուշագրավ և արդյունավետ մարտավարություն է ընտրել, նախապես որևէ կերպ չհրապարակելով իրենց հետագա գործողությունները, իշխանություններին էլ դնելով բավականին բարդ իրավիճակում, երբ ստիպված է լինում կռահել, կամ ավելի մեծ ուժեր կենտրոնացնել տարբեր ուղղություններով՝ շարժման գործողությունները խափանելու համար։
Անիտա Վարդանյան