Ռուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը
ПолитикаՌուսաստանում նախագահական ընտրություններից հետո, Մոսկվան կոշտացնում է հռետորաբանությունը հարևան բոլոր երկրների, այդ թվում` Հայաստանի հանդեպ։
ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը ծավալուն հարցազրույց է տվել, որում հայտարարել է, թե Ռուսաստանի մտավախությունները հաստատվել են՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը փաստացի վերածվել է արևմտյան կիսառազմական գործողության՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներգրավմամբ և կասկածելի նպատակներով։
Ըստ Գալուզինի, դրա անձնակազմն արդեն առնվազն երկու անգամ ավելացվել է, և նոր հենակետեր են բացվում։ Բոլորովին վերջերս Երևանին պարտադրվել է ԵՄ-ի ներկայության կարգավիճակի մասին համաձայնագիր, որն առաքելությանը տալիս է առավել բարենպաստ պայմաններ և Հայաստանի տարածքում գործելու ազատություն:
«Այն, որ առաքելությունը հանդիսանում է ԵՄ հիբրիդային պատերազմի գործիք, հաստատում է դրա գաղտնիությունը, հաշվետվողականության բացակայությունը և վերահսկողության բացակայությունը` թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ այլ շահագրգիռ երկրների և կառույցների կողմից»,- նշել է Գալուզինը, հավելել, թե Արևմուտքը Հայաստանին նոր պատերազմի դռներն է քարշ տալիս։
ՌԴ պաշտոնյայի այս հայտարարությունն ուղիղ զգուշացում է Հայաստանի իշխանություններին։ Փաշինյանը երեկ Կոպենհագենում վերահաստատել էր եվրոպական ուղու իր տեսլականը, դրվատել ԵՄ դիտորդական առաքելությանը և կրկին քննադատել Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին։ Ըստ երևույթին, հենց դրան էլ պատասխանում էր ՌԴ ԱԳՆ փոխնախարարը՝ ուղիղ սպառնալիք հնչեցնելով։
Ալլա Հովհաննիսյան