Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում
ПолитикаԱյսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը, և կրկին հայ ժողովուրդը կանգնած է գոյաբանական վտանգի առջև։ Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են ոչ միայն լուրջ սպառնալիք ներկայացնել Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին, այլև, օգտվելով փաշինյանական իշխանության ապիկար ու դավաճան էությունից, նաև ծաղրում են։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը երեկ հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին՝ Հայաստանի իշխանություններին կոչ անելով կենտրոնանալ առկա իրողությունների վրա։
«Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում, ժամանակն է մի կողմ դնել անհիմն հիշողությունները, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկա ժամանակի իրողություններից»,- հայտարարել է Էրդողանը, հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը դա հրաշալի է հասկանում, և կարելի է իրատեսական հիմքի վրա ստեղծել նոր ճանապարհային քարտեզներ։ Թուրքիայի նախագահը նաև քննադատության թիրախ է դարձրել հայկական Սփյուռքը, պնդել, թե՝ «Սփյուռքը Հայաստանին պահում է խավարի մեջ։ Հնարավորություների պատուհանը միշտ չի բացվելու, անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել պահը»,- սպառնացել է Թուրքիայի նախագահը, նաև շարունակել առաջ մղել պատմաբանների չարչրկված հանձնաժողովի իր պահանջը՝ այս կերպ կրկին շարունակելով Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը։
Էրդողանին ձայնակցել է նրա կրտսեր եղբայր Իլհամ Ալիևը՝ Բաքվում կայացած միջազգային համաժողովում պնդելով, թե Հայաստանը պետք է զինանշանից հեռացնի Արարատ լեռը։ Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, թե Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը, որտեղ վկայակոչված է անկախության հռչակագիրը՝ ըստ որի Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է։
«Ինչպե՞ս կարող ենք խաղաղության պայմանագիր ստորագրել, երբ նրանք սահմանադրության մեջ նման հիշատակում ունեն»,- հայտարարել է Ալիևը։ Այս կերպ փաստվում է, որ սահմանազատումն ու սահմանագծումն իրականացնելու փաշինյանական մղումները, ինչպես և ամեն գնով թշնամու պահանջները անմռունչ կատարելու՝ գործող վարչախմբի քաղաքականությունը իրականում որևէ դրական արդյունքի չի կարող բերել, ընդհակառակը՝ ավելի է մեծացնում թշնամու ախորժակը՝ նրան հնարավորություն տալիս լկտիանալու։
Փաշինյանն այսօր նաև ուղերձ է հրապարակել՝ լիովին թուրքական նարատիվներով։ Նա 3 անգամ է օգտագործել «Հայոց ցեղասպանություն» եզրույթը, փոխարենը՝ 11 անգամ կիրառել է «Մեծ եղեռն» արտահայտությունը։
Մարիա Ավագյան