«Համահայկական ճակատ» կուսակցությունը նոր խոսք և նոր մոտեցումներ է բերելու Հայաստանի քաղաքական դաշտին․ Արշակ Կարապետյան
Политика«Համահայկական ճակատ» կուսակցության առաջիկա համագումարը կարող է դառնալ Հայաստանի նորագույն պատմության առանցքային և կարևորագույն էջերից մեկը։ Կուսակցությունը նոր խոսք և նոր մոտեցումներ է բերելու Հայաստանի քաղաքական դաշտին։
Ապրիլի 5-ի երեկոյան ժամը 18.00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում գումարվելու է կուսակցության հիմնադիր համագումարը, որի նախաձեռնող խմբի ղեկավարը Հովհաննես Շահինյանն է, իսկ կուսակցության հիմնադիրը՝ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն է։
Կարճ ժամանակում, երբ Արշակ Կարապետյանը հայտարարեց քաղաքականությամբ զբաղվելու մտադրության մասին և փաստերով ապացուցեց գործող իշխանությունների ապիկար գործելաոճի իրական բնույթը, «Համահայկական ճակատ» շարժմանը հաջողվել է լայն զանգվածների հավաքել իր շուրջ։ Բազմաթիվ կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, անհայտ և հայտնի անձինք իրենց աջակցությունն են հայտնել «Համահայկական ճակատ» շարժմանը և Հայաստանի իշխանություններին փոխելու շարժման մոտեցումներին, բայց պայքարն ավելի ինստիտուցիոնալ հունի վրա դնելու համար, Արշակ Կարապետյանը հայտարարեց կուսակցություն ստեղծելու մասին, որն, ի դեպ, չի փոխարինելու շարժմանը, շարժումը մնալու, հզորանալու և ավելի նոր թափով է աշխատելու, իսկ «Համահայկական ճակատ» կուսակցությունն արդեն ինստիտուցիոնալ կառուցվածքով է ներկայանալու քաղաքական դաշտին և իր խոսքն է բերելու։
Ինչպես և շարժումը, կուսակցությունը ևս դավանում է հանրությանը պետականության շուրջ համախմբելու գաղափարը։
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանն ուղերձով դիմել է պահեստազորի սպաներին, գիտնականներին, բժիշկներին, կրթական համակարգի ներկայացուցիչներին։ «Մենք պետք է մտածենք մեր ապագայի մասին, մեր երեխաների մասին, մենք պետք է գլուխներս բարձր պահենք մեր ապագա սերունդների մոտ։ Նրանք մեզ չպետք է մեղադրեն վախկոտության, անգրագիտության և թուլության մեջ, մենք չպետք է թույլ տանք, որ որևէ մեկը ապտակ հասցնի հայ ժողովրդին, պետք է պատրաստակամ լինենք և պաշտպանենք մեր հողը, զարգացնենք մեր երկիրը և պահպանենք մեր պետությունը։ Այս ամենն է մեր սերունդի պարտականությունը հայ ժողովրդի ապագայի առջև»,- ասել է Արշակ Կարապետյանը։