Ռուսաստանի ԱԳՆ-ն, ասես միտումնավոր, Հայաստանին մղում է դեպի Արևմուտք
ПолитикаՌուսաստանի իշխանություններն ամեն գնով փորձում են Հայաստանին հետ պահել ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք հանդիպումից։ Ըստ էության, իրենց չհաշվարկված քաղաքականությամբ, Ռուսաստանը` Հայաստանին ավելի է մղում դեպի Արևմուտք, փաստացի տպավորություն ստեղծելով, որ ապրիլի 5-ին կայանալիք հանդիպումից է կախված ոչ միայն հայ ժողովրդի հետագա ապագան, այլ նաև տարածաշրջանում Ռուսաստանի գտնվելու հնարավորությունը։
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, թե Հայաստանի իշխանություններն իզուր են հայկական հնագույն քաղաքակրթությունը համեմատում Եվրամիության հետ, որի գործերն այսօր բացահայտ վատ են։
«Հայաստանը հին մշակույթ ունեցող երկիր է, պետական կառուցվածք է և սրանք պետականության այն հիմքերն են, որոնք հազարամյակներով են գալիս, նրանք հազարամյակների պատմություն ունեն, իսկ այսօր պաշտոնական Երևանն ընդունել է մի կեցվածք, որի մասին արդեն Արևմուտքում ոչ ոք լուրջ չի խոսում»,- նշել է Զախարովան։
Կարելի է տարբեր կերպ մեկնաբանել Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի այս հայտարարությունը, սակայն այն առաջին հերթին վկայում է հենց Հայաստանի նկատմամբ քաղաքականության թուլության մասին։
Փաստացի, դեպի Արևմուտք Նիկոլ Փաշինյանի շրջադարձը տեղի է ունենում այս ուղղությամբ Ռուսաստանի ԱԳՆ-ի վարած քաղաքականության ձախողման հետ, և փափուկ ուժ կիրառելու Հայաստանին իր ուղեծրում պահելու փոխարեն, Ռուսաստանին ավելի է մղում դեպի Եվրոպա։
Բնավ, զարմանալի չէ, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանն իր էջում տեսանյութ է հրապարակում, որտեղ հայտարարել է, թե Ռուսաստանի հետ կապված հարաբերություններում Հայաստանը ոչ մի սխալ բան չի արել։
«Մեր գործընկերները չեն կարող ցույց տալ մի տեղ ու ասել, որ դուք այստեղ , այսինչ պարտավորություններն ունեք ու չեք կատարել, մենք կարող ենք ցույց տալ և ցույց ենք տալիս, լեգիտիմ հարցեր ենք բարձրացնում, ակնկալում ենք այդ լեգիտիմ հարցերի բովանդակային պատասխանը։ Քանի այդ պատասխանը չի հնչել, ուրիշ ինչ էլ ասվի, դա հարցը չի լուծելու»,- տեսանյութում նշում է Նիկոլ Փաշինյանը։
Փաստացի, օգտագործվում է ռուսաստանյան որոշ շրջանակների քաղաքական թուլությունն ու վերլուծելու հետ կապված խնդիրները, մինչդեռ Հարավային Կովկասի ուղղությամբ Ռուսաստանի քաղաքականությունը կարող է ավելի մեղմ, ավելի բովանդակային լինել, որի պարագայում Հայաստանը չի էլ փորձի շրջադարձ կատարել դեպի Արևմուտք։
Նարե Սիմոնյան