Մենք պետք է մտածենք մեր ապագայի մասին, մեր երեխաների մասին, մենք պետք է գլուխներս բարձր պահենք․ Արշակ Կարապետյան
Политика«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը դիմել է բոլոր հայրենասերներին՝ միանալ «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարին, որը տեղի կունենա ապրիլի 5-ին ժամը 18։00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում։
Արշակ Կարապետյանը «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարին հրավիրել է մասնակցելու բոլոր նրանց, ովքեր սիրում են իրենց հայրենիքը, ովքեր պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը և ովքեր պատրաստ են շենացնել այն: Անհրաժեշտ է գալ և մասնակիցը լինել այդ սուրբ գործի։
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը կոչով դիմում է պահեստազորի սպաներին, գիտական ոլորտի աշխատակիցներին, բժիշկներին, ամբողջ կրթական համակարգի ներկայացուցիչներին, մշակույթի և արվեստի գործիչներին, աշխատող հայ ժողովրդին և հարգարժան գյուղացիներին. համախմբվել և միասին քննարկել, թե ինչպես են տեսնում մեր Հայաստանի ապագան։
«Համահայկական ճակատ» կուսակցությունը պատրաստ է լսել յուրաքանչյուրին, ով կունենա մտքեր՝ Հայաստանի անվտանգությանն ու ապագային վերաբերող, պատրաստ է քննարկել բոլոր հարցերը, բոլոր այն հայերի հետ, ովքեր մտահոգված են այդ հարցերի լուծման և կարգավորման համար, նշել է Արշակ Կարապետյանը։
«Հայ ժողովու՛րդ, բազմիցս կանգնած ենք եղել ոչնչացման առջև, միշտ գլուխներս բարձր ենք դուրս եկել, մենք, նույնիսկ պարտվելով մարտի դաշտում, կրկին վերականգնվել ենք, հաղթել ենք նույն այդ մարտի դաշտում, մենք պետք է հասկանանք՝ ովքեր են մեր ընկերները, իսկ ովքեր՝ մեր ոչ այդքան լավ ցանկացողները, մենք պետք է մտածենք մեր ապագայի մասին, մեր երեխաների մասին, մենք պետք է գլուխներս բարձր պահենք մեր ապագա սերունդների մոտ։ Նրանք մեզ չպետք է մեղադրեն վախկոտության, անգրագիտության և թուլության մեջ, մենք չպետք է թույլ տանք, որ որևէ մեկը ապտակ հասցնի հայ ժողովրդին, պետք է պատրաստակամ լինենք և պաշտպանենք մեր հողը, զարգացնենք մեր երկիրը և պահպանենք մեր պետությունը։ Այս ամենն է մեր սերունդի պարտականությունը հայ ժողովրդի ապագայի առջև»,- կոչ է արել «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։