«Համահայկական ճակատ» շարժումը պահպանելու է շարժման էությունը և գործունեությունը․ Արշակ Կարապետյան
ПолитикаԱպրիլի 5-ի երեկոյան «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում տեղի կունենա «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը։ Նախաձեռնող խմբի ղեկավարը Հայաստանում հայտնի քաղաքական գործիչ Հովհաննես Շահինյանն է: Մեր տեղեկություններով, համագումարին կմասնակցեն հյուրեր ոչ միայն Հայաստանի Հանրապետությունից։ Համագումարն անցկացվելու է «Արմենիա Մարիոթի» ամենամեծ դահլիճում, ինչը վկայում է, որ այն չափազանց բազմամարդ կլինի: Հաշվի առնելով մասնակիցների ու կազմակերպիչների անձերը, համագումարում սպասվում են բավական սուր ելույթներ։
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը համագումարի աշխատանքներին կմիանա տեսակապով, կխոսի կուսակցության հիմնադրման շարժառիթների, նպատակների և գործունեության մասին։
Կուսակցություն ստեղծելու վերաբերյալ Արշակ Կարապետյանն օրերս հանդես էր եկել հայտարարությամբ, որում մանրամասն բացատրել էր պատճառներն ու նպատակները, նշել, որ հայրենիքի և մեր պետության ճակատագրի հանդեպ սրտացավությունն ու անձնական պատասխանատվության գիտակցումը, շարժման նկատմամբ հայ հանրության օրեցօր աճող հետաքրքրությունը, ինչպես նաև քաղաքական պայքարի փուլ մտնելու շարժման պատրաստվածությունը հիմքեր են ստեղծում «Համահայկական ճակատ» անվամբ կուսակցություն ստեղծելու համար։
Միևնույն ժամանակ, պաշտպանության նախկին նախարարը նշել է, թե բուն «Համահայկական ճակատ» շարժումը այդպիսով չի վերածվելու զուտ կուսակցության, այլ պահպանելու է շարժման էությունը և գործունեությունը։
«Համահայկական ճակատ» կուսակցությունն ընդամենը միջոցներից մեկն է Հայաստանի գործող իշխանությունների դեմ պայքարն ավելի արդյունավետ հունով շարունակելու, նաև քաղաքական առաջիկա լուրջ պրոցեսներին մասնակցելու համար։
Ի վերջո, խորհրդարանական պետություն Հայաստանում, քաղաքական պայքարի թիվ 1 կարևորագույն գործիքը հենց կուսակցությունն է, անկախ նրանից, թե ինչ գաղափարների է դավանում, միայն կուսակցությամբ հնարավորություն կա պայքարել երկիրն ապականած գործող իշխանությունների դեմ։
«Համահայկական ճակատ» շարժմանը բազմաթիվ կուսակցություններ, քաղաքական միավորներ, անհատ անձինք են միացել, որոնք բնավ պարտավորված չեն լինելու ցրել իրենց կառույցները և մտնել նոր ստեղծվող կուսակցության մեջ, ընդհակառակը, «Համահայկական ճակատ» շարժումն ավելի է ամրապնդելու այդ գործընկեր կուսակցություններին և հասարակական կազմակերպություններին։
Հոկտեմբերին հայտարարելով քաղաքական դաշտ մտնելու իր առաքելության մասին՝ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի կոչին բազմաթիվ մարդիկ արձագանքեցին, շարժումը հաշված ամիսների ընթացքում մեծ հեղինակություն գրանցեց, իսկ գործող իշխանություններն այս շարժման մեջ տեսան իրենց գլխավոր հակառակորդներից մեկին, եթե ոչ՝ միակին, ինչին հետևեց իսկական կեղտոտ արշավն Արշակ Կարապետյանի դեմ։
Նիկոլ Փաշինյանը վերջերս փորձեց ստի և մանիպուլացիաների մեթոդով վարկաբեկել Արշակ Կարապետյանին, սակայն ստացվեց հակառակը. հենց ինքը վարկաբեկվեց։