Փաշինյանի օրոք Հայաստանը վերածվել է Սիցիլիայի
ПолитикаԵրեկ տեղեկություն տարածվեց, որ Երևանում կրակոցներ են տեղի ունեցել, ընդհուպ նռնակ է պայթեցվել Ֆուչիկի փողոցում։ Երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։
Դեպքի վայրում վնասվել են նաև ԱԺ պատգամավորներից մեկի մեքենան։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ծառայողական մեքենան սպասարկում է արտաքին հարաբերությունների հանձնաժողվի նախագահ Սարգիս Խանդանյանին։
Վերջինս պնդում է, թե տեղի ունեցածն իր դեմ մահափորձ չէ, և իր մեքենան թիրախում չի եղել, այլ պարզապես կրակոցների հետևանքով վնասվել է, քանի որ վարորդը գիշերը մեքենան կայանել էր իր բնակության վայրի մոտ։ Չցանկանալով խախտել որևէ մեկի անմեղության կանխավարկածը՝ նաև համարելով, որ Խանդանյանը ամենևին էլ քրեական կերպար չէ, հարկ է ընդգծել, որ գործող իշխանությունների օրոք անպաշտպան են նույնիսկ սեփական պատգամավորները։
Փաշինյանական իշխանությունը հոգում է միայն իր պարագլխի անվտանգությանը, մյուս բոլորը լրջագույն վտանգի մեջ են, քանի որ իրավապահները պարզապես չեն կատարում իրենց մասնագիտական պարտականությունները։
Վաղուց արդեն սովորական է դարձել նման «ռազբորկաները» ոչ միայն Երևանում, այլ նաև՝ մարզերում։ Եթե նախորդ իշխանությունների օրոք ինչ-որ չափով պայքար մղում էին նման հանցավոր դրսևորումների դեմ, ապա Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, Հայաստանն իսկապես վերածվել է քրեական մի որջի, որտեղ յուրաքանչյուրն անում է այն, ինչ խելքին փչում է, իսկ իրավապահները կա՛մ բավարար հմտություններ, կա՛մ էլ ցանկություն չունեն բացահայտելու նման հանցագործությունների մեծ մասը: Իրապես երկրում այս քրեածին իրավիճակի առումով ծայրահեղ ծանր դրություն է ստեղծվել։
Անի Ասատրյան