Գործող իշխանություններն իրենք էլ չեն հասկանում, թե դեպի ուր են տանում Հայաստանի Հանրապետությունը․ Արշակ Կարապետյան
ПолитикаԵվրախորհրդարանի ընդունած բանաձևն ընդամենը մեկ քաղաքական արդյունք կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար։ Նշենք՝ Եվրախորհրդարանը նախօրեին ընդունել է ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկելու բանաձևը։ Կողմ է քվեարկել 504 պատգամավոր, դեմ՝ 4-ը, ձեռնպահ՝ 32-ը։
«Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար»,- ասված է բանաձևի նախագծում։
Բանաձևի մի քանի պարբերությամբ եվրապատգամավորները շոյել են հայ հասարակության և քաղաքական դաշտի ականջը՝ բուռն ոգևորություն հայտնելով հայկական «ժողովրդավարությունից»։
Իրականում այս բանաձևն ընդամենը խորհրդատվական բնույթի, պարտադիր կատարման ուժ չունեցող փաստաթուղթ է, ինչպիսիք Եվրախորհրդարանում կարող են ընդունվել տասնյակներով։ Էականն արդեն Եվրամիության գործադիր իշխանությունների՝ Եվրահանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի, ջանքերն են։ Իսկ Եվրահանձնաժողովը բավականին ակտիվորեն համագործակցում է Ադրբեջանի հետ՝ նավթ, գազ գնելով և ահռելի միջոցներ ներդնելով այդ երկրի տնտեսության մեջ։
Արտաքին քաղաքական իմաստով այս բանաձևը չնչին էֆեկտ կարող է տալ Հայաստանին, փոխարենը՝ լրջագույն խնդիրներ հարուցել հատկապես Ռուսաստանի հետ հարաբերություններում. Ռուսաստանը գրեթե պատերազմական վիճակի մեջ է Եվրամիության հետ և իր թշնամիների հետ Հայաստանի կամ ցանկացած այլ երկրի ջերմ շփումը որպես անձնական վիրավորանք է ընկալում։
Բնականաբար Նիկոլ Փաշինյանը և նրա իշխանությունը, ինչպես նաև՝ մերձիշխանական քաղաքական ուժերը, մեծ հրճվանք են ապրում Եվրախորհրդարանի բանաձևից։
Երեկ կառավարության նիստում Փաշինյանը հայտարարել է, թե բանաձևը ևս մեկ առիթ է քննարկելու Հայաստանի Հանրապետության ապագայի տեսլականը, նշել, թե հույս ունի, որ Հայաստանի քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, հանրության լայն շերտեր վերաբերմունք կարտահայտեն եվրոպական խորհրդարանից հնչող այս ուղերձի վերաբերյալ, որովհետև նման ուղերձներն ունեն շատ ավելի լայն արձագանքի կարիք։
Ըստ էության, Փաշինյանն այս հայտարարությամբ փորձում է եվրախորհրդի բանաձևը դարձնել Հայաստանի ներքաղաքական կյանքի թիվ 1 կռվան, այդ կերպ, առանց այն էլ հակառուսական որոշակի տրամադրություններով լցված հանրությանն ավելի շատ տրամադրել Ռուսաստանի, ինչպես նաև հնչող ողջախոհության այն ձայների դեմ, որոնք պնդում են, որ չի կարելի փչացնել հարաբերությունները Մոսկվայի հետ։ Ընդդիմադիր որոշ քաղաքական ուժերի Փաշինյանը փորձելու է այս բանաձևով փչացնել և նրանց հեղինակությունը վարկաբեկել հասարակության աչքում։
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Արշակ Կարապետյանը բազմիցս է նշել Հայաստանի գործող իշխանությունների այս քաղաքականության վտանգավորությունը, փաստել, որ դա կարող է ծանրագույն հետևանքներ ունենալ մեր երկրի համար։ Ի վերջո, գործող իշխանություններն իրենք էլ չեն հասկանում, թե դեպի ուր են տանում Հայաստանի Հանրապետությունը և այս ամենը կարող է ծանրագույն խնդիրներ առաջացնել, եթե նման կերպ գործող իշխանությունները շարունակեն։
Արշակ Կարապետյանը, որը հրաշալի գիտի թե՛ Ռուսաստանը, և թե՛ Հայաստանի ունեցած հնարավորությունները, ամեն կերպ փորձում է բացատրել այդ տարվող քաղաքականության անհեռանկարայնությունը։