Որքանո՞վ կարող է Հայաստանը «տեղավորվել» համաշխարհային պահանջարկի բավարարման գործում․ «Փաստ»
Политика«Փաստ» օրաթերթը գրում է.
Կանխատեսվում է, որ լիթիումի պահանջարկն առաջիկա 5 տարում կավելանա 60 տոկոսով և կանցնի 160 հազար տոննայից: Այս մասին նշվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում «ՀՀ-ում լիթիումի ուսումնասիրությունների արդի վիճակը և կորզման հիմնախնդիրները» աշխատաժողովի ժամանակ:
Իսկ ի՞նչ է լիթիումը, և ինչո՞ւ է մեծանալու պահանջարկը: Այն կրիտիկական մետաղ է, իսկ ապագայի տեխնոլոգիաների՝ էլեկտրական ավտոմեքենաների և դրանց մարտկոցների, արևային ֆոտովոլտային վահանակների և վերականգնվող էներգետիկայի զարգացման հետ բազմապատիկ աճում է նաև կրիտիկական մետաղների պահանջարկը։ Ըստ միջազգային էներգետիկ գործակալության, լիթիումի համաշխարհային պահանջարկը 2040 թ.-ին կգերազանցի ներկայիս ցուցանիշը 40 անգամ:
Ըստ այդմ, չափազանց կարևորվում է այն հանգամանքը, թե ի՞նչ դեր կարող է ունենալ Հայաստանը այդ պահանջարկի բավարարման հարցում, ի՞նչ ներուժ ունի Հայաստանը, որպեսզի նպաստի երկրի տնտեսության զարգացմանը:
ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքագործների ու մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը կարծում է, որ առաջիկայում աշխարհում շատ լուրջ բաց է լինելու կրիտիկական մետաղների՝ պղնձի, նիկելի, կոբալտի, լիթիումի պահանջարկի և առաջարկի միջև: «Մենք Հայաստանում տեսնում ենք այդ ներուժը և փորձում ենք կառավարության, բուհերի, գիտնականների հետ ուսումնասիրել՝ ի՞նչ կարելի է անել այդ ուղղությամբ»: Ջհանյանի կարծիքով, Հայաստանի կարևորագույն ճյուղերից մեկը, որը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի աճի ու, ըստ այդմ, մեր բնակչության կենսամակարդակի բարձրացման, կրիտիկական մետաղներն են: Նա հիշյալ գիտաժողովը համարեց առաջին քայլ՝ հասկանալու, թե որ ուղղությամբ պիտի զարգանա Հայաստանը կրիտիկական մետաղների կորզման ոլորտի հետ կապված:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում