Համոզված եմ՝ Արշակ Կարապետյանի շուրջ լայն համախմբմամբ հանարավոր կլինի շրջել Հայաստանի և հայ ժողովրդի այս աղետալի էջը
Политика«Արարատ Միջազգային Համագործակցություն» ՀԿ֊ի նախագահ Հովսեփ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր շատեր են խոսում Հայաստանի փրկության անհրաժեշտության մասին, սակայն շատ քչերն են ասում, թե դա ինչպես է հնարավոր իրականացնել:
Նիկոլ Փաշինյանի հեռացումը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է այդ փրկության ճանապարհին, որովհետև հեռացնելով Փաշինյանին, չի բացառվում, որ նրան կարող է փոխարինել Արևմուտքի մեկ այլ դրածո, ինչի արդյունքում Հայաստանի փրկությունը ոչ միայն չի հաջողվի, այլ կործանումը անհամեմատ ավելի իրական կդառնա:
Փրկել Հայաստանը, նշանակում է երկրում իրական իշխանափոխություն իրականացնել, փոխել Հայաստանը կործանման տանող արևմտյան քաղաքական կուրսը, վերականգնել Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային և բարեկամական հարաբերությունները:
Այսօր քաղաքական դաշտում նման իրական իշխանափոխության հայտ է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման հիմնադիր, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը:
Առավել քան համոզված եմ, որ նրա շուրջ հասարակական, քաղաքական լայն համախմբման միջոցով հնարավոր կլինի շրջել Հայաստանի և հայ ժողովրդի այս աղետալի էջը, իրավական և քաղաքական պատասխանատվության ենթարկել Հայաստանն այս վիճակին հասցրած նախկին ու ներկա գործիչներին, մեր երկիրը տանել զարգացման և հզորացման ճանապարհով:
Արշակ Կարապետյանը մարտական ուղի անցած զինվորական է, և հենց նրա նման մարդու առկայությունը Հայաստանի իշխանության ղեկին կարող է մեր երկրին ու հասարակությանը պարգևել այդքան սպասված արժանապատիվ խաղաղություն և անվտանգություն, որը ինչպես նշեցի հնարավոր է մեր դարավոր բարեկամ և դաշնակից Ռուսաստանի հետ ազնիվ գործընկերության միջոցով: