Գլխավոր վտանգը Հայաստանի ներկայիս իշխանությունն է. Արշակ Կարապետյան
ПолитикаՍյունիքի մարզի Ներքին Հանդում տեղի ունեցած ռազմական սրումը, որի հետևանքով հայկական կողմը 4 զոհ և 1 վիրավոր ունի, լրջագույն հետևանքներ կարող է հարուցել Հայաստանի հետագա պաշտպանունակության համար և պատճառը, ինչպես և սպասելի էր Հայաստանի գործող իշխանություններն են և նրանց արած հայտարարությունները։
Հիշեցնենք՝ Հայաստանի իշխանությունները դեպքից անմիջապես հետո, Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնյաների բերանով սկսեցին մեղադրանքներ հասցեագրել ոչ թե Ադրբեջանին, այլ առաջին հերթին սեփական բանակին և դիրքերը պահող երկրապահներին՝ նախ ակնարկելով, ապա և բացեիբաց հայտարարելով, թե առաջինը հայկական կողմն է կրակ բացել Ադրբեջանի ուղղությամբ, Ադրբեջանն էլ պատասխանել է։
Հայկական կողմի նման պահվածքի պատճառով անգամ միջազգային կազմակերպությունները սկսեցին հավասարության նշան դնել Հայաստանի և Ադրբեջանի միջև, նաև դատապարտող հայտարարություններ տարածել Հայաստանի հասցեին՝ Ադրբեջանին լեգիտիմ իրավունք վերապահելով, մինչդեռ փաստն այն է, որ Ներքին Հանդի տարածքում հայկական դիրքերի ուղղությամբ կրակող ադրբեջանցիները, ըստ էության, գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում և հրաժարվում են լքել այն, իրենք էլ պարբերաբար խախտում են հրադադարի ռեժիմը։ Իսկ այժմ, երբ մեղքը փորձում են գցել հայկական կողմի վրա մտավախություն կա, որ Հայկական բանակը կարող է վատ դրության մեջ հայտնվել։ Փաստորեն, եթե միջադեպ հրահրված լինի հակառակորդի կողմից, հայ զինվորը կարող է չկրակել՝ գրեթե վստահ լինելով, որ դրա համար խնդիրների է բախվելու սեփական իշխանությունների համար։
Բարդ է ասել, նման պահվածքը գործող իշխանությունների կողմից անխոհեմ և տարրական դիլետանտիզմի արդյունք է, թե կանխամտածված գործողություն՝ Հայկական զինված ուժերին, դիրքապահներին վարկաբեկելու, ադրբեջանական շահերն առաջ տանելու ուղղությամբ։ Փաստը, սակայն, լրջագույն հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության վրա։
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի գնահատմամբ՝ Բաքվի կողմից կազմակերպված սադրանքն ուղղված է Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացմանը և հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը խաղաղության ցանկություն չունի, ինչպես նաև մտադիր է գործել բացառապես ուժի դիրքերից։
Ըստ Կարապետյանի՝ Ադրբեջանը պատրվակ է փնտրում Հայաստանի Սյունիքի մարզի սահմանին էսկալացիայի համար, որպեսզի ուժով զավթվի այս տարածքը և Թուրքիայի հետ իրականացնի ցամաքային միջանցք ստեղծելու համատեղ նախագիծ։ «Բայց գլխավոր վտանգը Հայաստանի ներկայիս իշխանության՝ ազգային անվտանգությունն ու կոմպետենտությունն ապահովելու կամքի բացակայությունն է, ագրեսիվ հարևանների ցանկացած ճնշման տակ ամեն ինչ ընկալելու «նոր իրականության» պրիզմայով և թշնամու պայմանները հեզ ընդունելու պատրաստակամությունը։ Էլի քանի՞ կյանք պիտի տան մեր զինվորները, որ իշխանությանը կառչած բարձրաստիճան պաշտոնյաները վերջապես հասկանան, որ ի վիճակի չեն կառավարել Հանրապետությունը։ Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»,- նշում է Կարապետյանը։
Սեփական բանակի նկատմամբ Հայաստանի իշխանական վերնախավի պահվածքը շատ հարցեր է առաջացնում: Փաստորեն Ադրբեջանի կողմից այսուհետ հրապարակված սահմանին զինվորի կողմից կրակելու ցանկացած հայտարարություն արժանանալու է հետաքննության: Հետաքննություն են սկսելու և պատժեն սեփական բանակին: