Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում ԱՄՆ-ին և Եվրամիությանը ներգրավելու ջանքերը հաջողության չեն հանգեցնի. ՌԴ ԱԳՆ
ПолитикаՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվան հույս ունի, որ Երևանը կգիտակցի այն փաստը, որ հենց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ամենահուսալի ճանապարհը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Գալուզինի կարծիքով՝ կարգավորման գործընթացում արտատարածաշրջանային խաղացողներին, առաջին հերթին՝ ԱՄՆ-ին և Եվրամիությանը, ներգրավելու ջանքերը հաջողության չեն հանգեցնի։ Արևմտյան խաղացողների գործունեությունն ուղղված է ոչ թե կարգավորմանը նպաստելուն, այլ Ռուսաստանին այս գործընթացից դուրս մղելուն, Հարավային Կովկասում ուժերի գոյություն ունեցող հավասարակշռությունը քանդելուն և, հետևաբար, Ռուսաստանի Դաշնության հարևանությամբ անկայունության ևս մեկ աջախ ստեղծելուն, նշել է Գալուզինը։
Խոսելով հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման մասին՝ նա նշել է, որ Ռուսաստանը Բաքվին և Երևանին առաջարկում է խորհրդատվական ծառայություններ, քանի որ միայն Մոսկվան ունի համապատասխան բացառիկ տեղագրական նյութեր։
«Ինչ վերաբերում է խաղաղության գործընթացին, խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ապա Ռուսաստանը ակտիվորեն շարունակում է օգնել քննարկել հարցերի ամբողջ շրջանակը։ Մենք միշտ պատրաստ ենք մեր հարթակը տրամադրել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների համար», - ասել է դիվանագետը։