Որևէ ՔՊ-ական չի պլստալու Փաշինյանի ձեռքից
ПолитикаԴատարանը երեկ երկու ամսով կալանավորել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը՝ Անի Գևորգյանին, նրան մեղադրում են պաշտոնական դիրքի չարաշահմանն օժանդակելու մեջ։ Ալեն Սիմոնյանի եղբոր կինն անցնում է էկոնոմիկայի նախարարության աղմկահարույց դեպքով, ընդհանուր արդեն կալանավորվել են 7 անձիք, այդ թվում կանայք, որոնք մանկահասակ երեխաներ ունեն։ Ըստ էության իշխանությունը կարող է շատ ավելի մեղմ վարվել այդ անձանց նկատմամբ՝ նրանց տնային կալանքի ենթարկելով, սակայն հաշվի առնելով նույնիսկ, որ սեփական Ազգային ժողովի նախագահի մերձավոր ազգականի նկատմամբ են նման վերաբերմունք ցուցաբերում, կարելի է փաստել, որ պարզապես գործ ունենք քաղաքական հերթական հետապնդման հետ, որի ալիքը ոչ միայն ընդդիմադիրներն են, այլ սեփական կուսակիցները։
Փաստացի, հեղափոխությունը սկսել է խժռել սեփական զավակներին, իսկ Փաշինյանն իր բնածին կասկածամտության հետևանքով չի վստահում անգամ նույնիսկ ամենամերձավոր կողմնակիցներին, փորձում է թուլացնել նրանց, վարկաբեկել, ինչպես նաև մշտական կախվածության մեջ գցել իրենից։
Իրավիճակը, որում հայտնվել է Ալեն Սիմոնյանը բավական բարդ է։ Նա երեկ փոխել է իր ֆեյսբուքյան էջի ետնանկարը՝ դնելով եղբոր և եղբոր կնոջ հետ լուսանկար, բայց արդյոք Ալեն Սիմոնյանը կհամարձակվի՞ քննադատել իշխանությանը նման պահվածքի համար, թե հանդես կգա «ուղղափառ» հեղափոխական դիրքերից։ Առաջինի դեպքում ընտանիքի բարի համբավը պաշտպանելու համար Սիմոնյանը պետք է արժանապատվորեն հրաժարական տա, իսկ երկրորդ դեպքում՝ ուրանալու է սեփական ընտանիքին։ Թե ի՞նչ որոշում կկայացնի Ազգային ժողովի նախագահը՝ արժանապատի՞վ, թե՞ ոչ, կախված է հենց իրենից։ Ամեն պարագայում նույնիսկ նրա ազգականի նկատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի այս վարքը օրինակ պետք է լինի բոլոր ՔՊ-ականների համար, որ որևէ մեկը չի «պլստալու» Փաշինյանի ձեռքից։
Հրանտ Նասիբյան