Հազարավոր հայ տղաներ իրենց կյանքը նահատակել են հանուն հայրենիքի, և մենք բարոյական իրավունք չունենք մոռանալ նրանց հերոսությունն ու սխրանքը. Գագիկ Ծառուկյան
ПолитикаԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 32-ամյակի առթիվ։ Մեր պետականության հենասյուներից մեկը հանդիսացող Հայոց բանակը մշտապես եղել է հպարտության առարկա, ունեցել լուրջ հաղթանակներ ու ձեռքբերումներ, հաղթահարել ցավոտ փորձություններ ու դժվարություններ։ Թուրք–ադրբեջանական տանդեմի սանձազերծած 44-օրյա պատերազմում Հայոց բանակը չի պարտվել, հայ զինվորը չի պարտվել ու պայքարել է մինչև վերջ։ Հազարավոր հայ տղաներ իրենց կյանքը նահատակել են հանուն հայրենիքի և մենք բարոյական իրավունք չունենք մոռանալ նրանց հերոսությունն ու սխրանքը։ Այսօր էլ մենք գլուխ ենք խոնարհում բոլոր հերոսների հիշատակի և այս պահին սահմանին մեր անվտանգությունն ապահովող զինվորների ու սպաների առաջ և վերահաստատում, որ բանակի հզորացումը մեր համազգային պարտքը պետք է լինի։
Ռազմա–արդյունաբերության վերջին պահանջներին համապատասխանող ժամանակակից ու մարտունակ բանակի կայացումը բացարձակ առաջնահերթություն պետք է լինի մեր պետության համար, որը ուժեղ դաշնակիցների հետ գործակցության շնորհիվ կարող է ապահովել իրական անվտանգություն։
Անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ եմ մաղթում բոլոր զինծառայողներին, խաղաղություն՝ մեր հայրենիքին:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս...