Հայաստանում բռնապետություն է․ պետական ինստիտուտները շարժվում են բռնապետի քմահաճույքով․ Մենուա Սողոմոնյան
ОбществоՄենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սիրելի հայրենակիցներ,
ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթության պետական չափորոշչում ցանականում է «Հայոց պատմություն» կապակցությունը փոխարինել «Հայաստանի պատմություն» ձևով, որի նպատակն է, իբր, ամրապնդել պետականության գաղափարը սովորողների շրջանում։
Այս առնչությամբ ցանկանում ենք նշել, որ «Հայոց պատմություն» կապակցությունը իր մեջ պարունակում է թե՛ Հայաստանի պատմություն, թե՛ հայերի պատմություն հասկացությունների բովանդակությունը։
Չհավակնելով մտնել լեզվաբանների դաշտը՝ հարկ ենք համարում ընդգծել, որ «հայոց» ձևը ոչ միայն «հայեր» բառի սեռական հոլովի գրաբարյան տարբերակն է, այլ նաև «Հայք» բառի սեռական հոլովն է․ Հայք-Հայոց, որովհետև Հայք երկրանունն ինքնին նաև հայեր է նշանակում (Մոկք, Ուտիք և այլն)։
Խորենացու «Պատմություն Հայոց»-ը հենց «Հայքի պատմություն», այսինքն՝ Հայաստանի պատմություն իմաստն է արտահայտում։ Ուստի «Հայոց պատմություն» կապակցությունը լիարժեքորեն իր մեջ պարունակում է Հայաստանի պատմության հանգամանքը, պետականամետ իմաստ արտահայտող ձևակերպում է։ Միևնույն ժամանակ, «Հայոց պատմություն» կապակցությունը նաև արտահայտում է Հայոց հայրենիքից ու պետությունից դուրս ապրող հայերի, ազգային կառույցների պատմությունը։ Սփյուռքահայությունը, գաղութահայությունը անգնահատելի դեր են խաղացել իր պատմական հայրենիքում ապրող հայ ժողովրդի ընթացքի վրա, ուստի «Հայաստանի պատմություն» կապակցությունը կիրառելով հայոց պատմության այդ կարևորագույն մասերը դուրս են մնում։
«Հայաստանի պատմություն» կապակցությունը կիրառելը ոչ միայն հստակություն չի մտցնում դասընթացի անվանման բովանդակության մեջ, ինչպես նշվում է նախագծի հիմնավորման մեջ, այլև, ընդհակառակը, բազմաթիվ կեղծ հարցեր ու թեզեր առաջ քաշելու տեղիք է տալու․ ծավալվելու են անպտուղ քննարկումներ, թե ո՞րն է Հայաստանը (համոզված եմ, մի օր այս կապակցությամբ գլխավոր ազգակործանը միտք է հայտնելու, թե «պետք է հստակեցնել, թե ինչ է Հայաստանը»), հանգամանք, որ լիովին տեղավորվում է թուրք-ադրբեջանական հակագիտական ու հակահայկական քարոզչական օրակարգերում։
Հայտնի է, որ խորհրդային ժամանակներում կիրառվում էր «Հայ ժողովրդի պատմություն» ձևը։ Խորհրդային կարգերի վերացումից և Հայաստանի անկախացումից հետո հայ ականավոր պատմաբանները (Լենդրուշ Խուրշուդյան, Հրաչիկ Սիմոնյան, Վլադիմիր Բարխուդարյան, Բաբկեն Հարությունյան և այլք) երկարատև ու բովանդակալից քննարկումներ են ունեցել և հանգել են հենց այն մտքին, որ ճիշտը «Հայոց պատմություն» ձևն է, որն իր մեջ պարունակում է թե՛ պետականամետ Հայաստանի պատմության, թե՛ հայ ժողովրդի, հայ իրականության պատմության իմաստները։
Հատկանշական է, որ ԿԳՄՍ նախարարության այս տխրահռչակ նախաձեռնությունը մեկնարկեց այն բանից հետո, երբ դե ֆակտո վարչապետը միտք հայտնեց, որ «Հայոց պատմություն» ձևակերպումը պետք է փոխարինել «Հայաստանի պատմություն» ձևակերպմամբ։ Սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ Հայաստանում բռնապետություն է, որ պետական ինստիտուտները շարժվում են բռնապետի քմահաճույքով։
Առաջարկում եմ հանրային քննարկումների այս փուլում լինել ակտիվ, մտնել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք (https://www.e-draft.am/projects/6771/about) և դեմ քվեարկել այս նախագծին։ Շատ օգտակար կլինի նաև առաջարկությունների բաժնում համապատասխան հիմնավորումներով ներկայացնել առաջարկություն՝ հանրակրթության չափորոշչում Հայոց պատմություն ձևակերպումն անփոփոխ թողնելու մասին։ Մեր ակտիվությունից կախված է հակազգային այս նախաձեռնության տապալումը։