Ես ունեմ անսահման վստահություն, որ միասնական ուժերով ու դաշնակիցների աջակցությամբ մենք կարող ենք ապահովել մեր երկրի անվտանգությունն ու բարեկեցությունը. Գագիկ Ծառուկյան
ПолитикаԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հղել Ամանորի առթիվ․
«Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի և Սփյուռքի իմ շատ սիրելի՛ քույրեր և եղբայրներ,
Հերթական տարին այս րոպեներին պատմություն է դառնում՝ իր բոլոր կորուստներով ու ձեռքբերումներով, իրականացած ու անկատար երազանքներով: Ցավոք 2023 թվականը տարեգրության մեջ կմնա որպես հայկական Արցախի կորստի տարի, որը բաց վերք է բոլոր մտահոգ հայերի համար: Սակայն մենք հուսահատվելու ու թևաթափ լինելու բարոյական իրավունք չունենք: Մեր հայրենիքի ամեն մի սանտիմետր հողի համար արյուն թափած մեր հերոսների հիշատակը մեզ պարտադրում է ամեն օր քրտնաջան աշխատել նրանց երազանքները կյանքի կոչելու համար:
Վստահ եմ, որ մեր բոլոր հայրենակիցների ամանորյա ցանկությունն ու բարեմաղթանքը մեկն է՝ անվտանգություն ու կայունություն: Ես ունեմ անսահման վստահություն, որ միասնական ուժերով ու դաշնակիցների աջակցությամբ մենք կարող ենք ապահովել մեր երկրի անվտանգությունն ու բարեկեցությունը:Դրան հասնելու համար անհրաժեշտ է վերացնել մեր երկրում առկա թշնամանքն ու անհանդուրժողականությունը, ձևավորել համերաշխության ու միասնականության մթնոլորտ:
Այսօր Արցախից բռնի տեղահանված մեր հարյուր հազարից ավել քույրերն ու եղբայրները Հայաստանում են դիմավորելու Ամանորը: Անենք հնարավոր ամեն բան, որ նրանք իրենց զգան ինչպես տանը, սեր ու ջերմություն տանք, քանի որ նրանք այսօր, առավել քան երբևէ, ունեն դրա կարիքն ու անհրաժեշտությունը:
Տարեվերջյան այս րոպեներին ես ուզում եմ բաց սրտով խոսել իմ երազանքների մասին: Ես՝ որպես Գագիկ Ծառուկյան, արել ու անելու եմ ամեն ինչ՝ իմ ժողովրդին օգնելու, իմ երկիրը ավելի ուժեղ ու բարեկեցիկ դարձնելու համար։
Ես շարունակելու եմ ապրել և աշխատել իմ երկրում, կառուցել ու ստեղծել իմ երկրում, նոր աշխատատեղեր ու նոր հնարավորություններ ստեղծել իմ հայրենակիցների համար։ Ես, իմ հնարավորության չափով, շարունակելու եմ օգնել մարդկանց, ովքեր կունենան իմ օգնության կարիքը։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Վստահ եմ, որ միլիոնավոր հայ ընտանիքներում այս րոպեներին բաժակ է բարձրացվելու մեր բանակի, զինվորների ու սպաների համար։ Խաղաղ ծառայություն բոլորին: Հավերժ փա՛ռք ու խոնարհում մեր նահատակված հերոսների հիշատակին...
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, հույսով ու լավատեսական սպասումով դիմավորենք 2024 թվականը, հավատանք, որ անցնող տարում ենք թողնելու անլուծելի թվացող դժվարություններն ու փորձությունները։
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում խաղաղություն, կայունություն ու բարեկեցություն:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս...»։